Skip to main content
Ի՞նչ ջուր եմ ես օգտագործում. ջրի մոնիթորինգ՝ պարզ քայլերով
[featured_image_copyright]
8 Հունիսի, 2021

Ի՞նչ ջուր եմ ես օգտագործում. ջրի մոնիթորինգ՝ պարզ քայլերով


Հատկապես ամառային տապին ամենահաճելի հանգստյան վայրերը լճերի ու գետերի հարեւանությամբ են: Սակայն միշտ չէ, որ մեր առողջության համար անվտանգ է այն միջավայրը, որին ձգտում ենք:

Մակերեսային եւ ստորերկրյա ջրերի աղտոտումն այսօր լուրջ խնդիր է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, եւ կարեւոր է իմանալ՝ ի՞նչ ջուր ենք օգտագործում, արդյոք վտանգու՞մ ենք մեր առողջությունը գետում կամ լճում լողալիս:

Այս հարցերի պատասխանները կարելի է հեշտությամբ ստանալ՝ հետեւելով մի քանի պարզ քայլերի, որոնք իր օրինակով պատմում է Մեդիամաքսի լրագրողը:

Ջրի որակի արագ գնահատում

Օտար աղբյուրներից ջուր օգտագործելիս կամ ջրում աղտոտվածության նշաններ նկատելիս օգտակար է իմանալ, թե ինչպես կարելի է մեկ սարքի օգնությամբ արագ ստուգել ջրի որակն ու պարզել՝ արդյոք այն վտանգավոր չէ խմելու, լվացվելու, լողալու կամ այլ նպատակներով օգտագործելու համար:

Եվրոպական Միության «Ջրային նախաձեռնություն պլյուս Արեւելյան գործընկերության երկրների համար» (ԵՄՋՆ+) ծրագրի շրջանակում «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպությունն իրականացրել է տեղեկատվական արշավներ՝ աշխատելով մի շարք մարզերի 22 դպրոցների հետ՝ տրամադրելով ջրի մոնիթորինգի պարզագույն սարքեր, որոնցով շատ արագ կարելի է որոշել ջրի որակը:

[eu_flex_slider ids=”103873,103881,103889,103897,103905″]

«Սեւանի ավազանի տարածքում աշխատել ենք Գեղարքունքի մարզի, իսկ Հրազդանի ավազանի տարածքում՝ Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի եւ Արարատի մարզերի դպրոցների հետ: Ուսուցիչների հետ անցկացրել ենք ուսուցողական դասընթացներ եւ սովորեցրել մեզ տրամադրված սարքերով մոնիթորինգ իրականացնել: Այս սարքերից հանձնել ենք ուսուցիչներին, ինչի շնորհիվ դպրոցականներից յուրաքանչյուրն իր տարածաշրջանում ինքնուրույն ստուգել է խմելու ջրի, ինչպես նաեւ ջրային մարմինների որակը: Եղել է անգամ այնպիսի դեպք, երբ աշակերտները պարզել են, որ իրենց ջուրը չի համապատասխանում խմելու ջրի չափորոշիչներին եւ դիմում գրել քաղաքապետարան»,- մեզ հետ զրույցում պատմել է «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ Արեւիկ Հովսեփյանը:

Արեւիկ Հովսեփյանը Երեւանի կենտրոնում մատակարարվող ծորակի ջրի օրինակով ներկայացրել է, թե ինչպես են աշխատում արագ թեստավորման սարքերը: Դրանք թույլ են տալիս որոշել ջրի որակի 5 ցուցանիշ՝ ջրածնային ցուցիչը (pH), ընդհանուր ալկալիականությունը, ընդհանուր կոշտությունը, նիտրիտները (NO2-) եւ նիտրատները (NO3-):

«Ձողիկը ընկղմում ենք ջրի նմուշի մեջ եւ առանց շարժելու պահում 1-2 վայրկյան: Այնուհետեւ թափահարում ենք այն՝ ջուրը հեռացնելու համար, սպասում 25 վայրկյան: Կարող ենք տեսնել, որ ձողիկի վրա առկա լակմուսային թղթիկները սկսում են գունավորվել: Համապատասխան սանդղակի օգնությամբ համեմատելով ստացված գույները՝ կարող ենք որոշել, թե որքանով անվտա՞նգ է տվյալ ջրի օգտագործումը»,- մանրամասնում է Արեւիկ Հովսեփյանը:

Այս պարագայում բոլոր ցուցիչները համապատասխանում էին անվտանգ միջակայքերին, ինչը վկայում էր, որ ջուրը կարելի է օգատգործել առանց մտահոգությունների: Բնականաբար, բոլորովին այլ պատկեր ստացանք Սեւանա լճից եւ Հրազդան գետից վերցված ջրի նմուշի մոնիթորինգից հետո:

Սեփական փորձով

Սեւանի ջրավազանն, իհարկե, չենք դիտարկում որպես խմելու ջրի աղբյուր, սակայն այն կարող է վտանգավոր լինել լճափին հանգստացողների համար: Դրա համար էլ ուղեւորվելով Սեւանա լիճ՝ փորձեցինք պարզել, թե որքանով է Սեւանի ջրի որակը անվտանգ մեր օրգանիզմի համար:

Ջրի նմուշը վերցրինք Սեւանի համար 1 լողափի տարածքից: Արագ թեստի ձողիկը ջրի նմուշի մեջ ընկղմելուց հետո արդեն վայրկյանների ընթացքում ստացանք համեմատաբար մուգ գույներ, որոնք սկսեցինք համեմատել տուփի վրա առկա սանդղակի հետ:

[eu_flex_slider ids=”103913,103921,103929,103937″]

Ջրի որակի բոլոր ցուցանիշների համար մարդիկ եւ կենդանիներն ունեն բարենպաստ միջավայրը ցույց տվող միջակայքեր, որոնցից շեղումը դեպի ներքեւ կամ վերեւ մեզ համար դառնում է ահազանգ: Մեր նմուշի պարագայում ջրի որակի 5 ցուցանիշներից  3-ը որոշակի շեղումներ ունեին:

Օրինակ՝ pH-ի՝ ջրածնային ցուցիչի տեսանկյունից մարդու համար անվտանգ է չեզոք միջավայրը, որը ըստ մեզ տրված ուղեցույցի՝ 7-7.5-ի միջակայքում էր: Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների ջրածնային ցուցիչը պետք է լինի 6.0 — 8.5-ի միջակայքում: Սեւանի ջրի պարագայում ձողիկի վրա առկա գույնը մոտ էր 8.5-ին, ինչը ահազանգ է, որ լճում լողալը կամ դրանում սառեցման նպատակով մթերք դնելը կարող է վտանգավոր լինել:

Հետաքրքրական էր, որ Հրազդան գետի ջուրն առավել աղտոտված էր: Նմուշը վերցրինք Երեւան քաղաքում՝ Հրազդանի կիրճից:

Հրազդան գետում եւս ջրի որակի 5 ցուցանիշներից 3-ն էին շեղված  ընդունելի միջակայքերից, սակայն այդ շեղումներն ավելի մեծ էին: Ստացած արդյունքներից եզրակացնում ենք, որ Հրազդան գետում լողալը վտանգավոր է մարդու առողջության համար, իսկ ցածր հարմարվողականությամբ կենդանիները կարող են սատկել:

[eu_flex_slider ids=”103945,103953,103961,103969,103977,103985,103993″]

Մեկնաբանելով մեր ներկայացրած արդյունքները՝ Արեւիկ Հովսեփյանն ընդգծել է, որ ջուրն այս արագ թեստերով ստուգելուց եւ էական շեղումներ նկատելուց հետո պետք է անմիջապես ահազանգել համապատասխան մարմիններին:

«Այս թեստերը մեզ զգուշացնում են վտանգի մասին, սակայն դրանք չեն կարող ճշգրիտ արդյունքներ ցույց տալ: Պարզապես նորմայից շեղումները նկատելու դեպքում պետք է գետում չլողալ, երեխաներին թույլ չտալ խաղալ ջրի հետ, սնունդը սառը պահելու նպատակով գետը չդնել եւ այլն»,- հավելել է նա:

Ջրի լաբորատոր մոնիթորինգ

Եթե արագ թեստերի միջոցով տեղեկանում ենք ջրի որակի 5 ցուցանիշի մասին, ապա լաբորատոր մոնիթորինգի պարագայում նվազագույն թիվը 45-ն է:

«Երբ կարիք է լինում ավելի ընդարձակ ուսումնասիրության՝ ջրի աղտոտման աղբյուրները պարզելու նպատակով, իրականացնում ենք 60 եւ ավելի ցուցանիշների ստուգում: Օրինակ՝ եթե գետն աղտոտված լինի սնդիկով, կապարով կամ պղինձով, արագ թեստերը չեն կարողանա բացահայտել այդ խնդիրը»,- մեզ հետ զրույցում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն»-ի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը:

Խոսելով ԵՄՋՆ+ ծրագրի շրջանակում իրականացված լայնածավալ աշխատանքի մասին՝ Գայանե Շահնազարյանը հատկապես կարեւորել է կենտրոնի լաբորատորիայի վերազինումը եւ Սեւանի ու Հրազդանի ջրավազանային կառավարման շրջանակում մոնիթորինգի ծրագրի բարելավումը: 

«Ծրագրի իրականացման ժամանակահատվածում կատարվել են դաշտային հետազոտական մոնիթորինգներ, լրացվել է տեղեկատվական բացը, վեր են հանվել այն բոլոր խնդիրները, որոնք առկա էին մեր մոնիթորինգի համակարգում: Մշակվել է նաեւ ջրի որակի գնահատման համակարգը, ինչը մեզ հնարավորություն է տալիս 2020 թվականի հունիսից սկսած իրականացել հիդրոկենսաբանական մոնիթորինգ եւ ունենալ ջրի որակի էկոլոգիական գնահատական, ինչպես պահանջում է Եվրամիության ջրի շրջանակային դիրեկտիվը»,-մանրամասնել է նա:

Որպես պարզաբանում նշենք, որ ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի (ՋՇԴ) նպատակն է քաղցրահամ ջրային ռեսուրսների որակի եւ քանակի պահպանման համար համապարփակ մոտեցումների կիրառումը: Համաձայն դրա պահանջների՝ ջրավազանային կառավարման տարածքի յուրաքանչյուր ջրային մարմնում պետք է ձեռք բերել էկոլոգիական «լավ» վիճակ: Սա նշանակում է հասնել ինչպես աղտոտիչների ծավալների, այնպես էլ մակերեւութային ջրերի բնական էկոհամակարգին հասցվող վնասի նվազեցման թիրախներին: Ստորերկրյա ջրերի դեպքում նույնպես պետք է հասնել աղտոտիչների ծավալների նվազեցման թիրախներին։ Միաժամանակ չթողնել նաեւ, որ ջրատար հորիզոններում առկա ստորերկրյա ջրային պաշարները սպառվեն՝ անխնա օգտագործման պատճառով:

Աղտոտման հիմնական աղբյուրներ

Գայանե Շահնազարյանի խոսքով՝ Սեւանա լիճ թափվող գետերում աղտոտվածության հիմնական աղբյուրը կենսածին տարրերի բարձր պարունակությունն է: Սա վկայում է գետերում կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրերի ներհոսքի մասին:

[eu_flex_slider ids=”104001,104009,104017,104025″]

«Այս իրավիճակը բարելավելու համար Սեւանի ջրավազանային կառավարման պլանում մշակվել է միջոցառումների ծրագիր: Նույնը կատարվել է նաեւ Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքում, որտեղ բացահայտել ենք ռիսկային ջրային մարմիններ: Գետի տարբեր հատվածներում ունենք այնպիսի գնահատումներ, որոնք վկայում են Հրազդան գետում կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրերի, ինչպես նաեւ գյուղատնտեսական կեղտաջրերի ներհոսքի մասին: Առանձին հատվածներում առկա է նաեւ արդյունաբերական ու հանքարդյունաբերական կեղտաջրերի ճնշում»,- մանրամասնել է նա:

Երկարատեւ ջանք

Հայաստանում ԵՄՋՆ+ ծրագրի ներկայացուցիչ Վահագն Տոնոյանի խոսքով՝ հիմնականում աշխատել են Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակման ուղղությամբ, որն այժմ գտնվում է կառավարության կողմից պաշտոնական ընդունման փուլում:

«Կառավարման պլանների համատեքստում ծրագրի իրականացումը պետք է ստուգվի շարունակական մոնիթորինգի միջոցով: Մեր վերջնանպատակը լավ կարգավիճակի հասնելն է մակերեւութային եւ ստորերկրյա ջրային մարմինների համար` համապատասխան միջոցառումների ծրագրի իրականացման միջոցով: Ծրագրի շրջանակում նաեւ աշխատել ենք Սեւանի եւ Հրազդանի ջրավազաններում հիդրոլոգիական եւ ստորերկրյա ջրերի մոնիթորինգի, ինչպես նաեւ  ոռոգման ջրի հաշվառման բարելավման ուղղությամբ: Այսպես, Սեւան-Հրազդանյան համակարգում ոռոգման ջրի հաշվառման բարելավման համար կահավորել ենք 50 դիտակետ, վե­րա­նո­րոգ­ել եւ վերակառուցել ենք ստորերկրյա ջրերի մոնիթորինգի 25 դիտակետ (ջրաղբյուրներ, խորքային հորեր եւ շատրվանող հորեր), ինչպես նաեւ վերանորոգել եւ ռադարային սենսորներով կահավորել ենք հիդրոլոգիական 6 դիտակետ՝ ջրի չափումների ճշգրտության եւ վստահելիության մակարդակը բարձրացնելու համար»,- մանրամասնել է նա:

Վահագն Տոնոյանն ընդգծել է, որ այս գործընթացը պահանջում է երկարաժամկետ ջանք ու ներդրում, եւ Հայաստանն արդեն իսկ ձեռնարկել էական քայլեր ու կայուն ընթանում է դեպի հիմնախնդիրների լուծում:

[eu_flex_slider ids=”104033″]

Հավելենք, որ «Եվրամիության ջրային նախաձեռնություն պլյուս» (EUWI+) ծրագիրը ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրներում մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերից եւ այժմ գտնվում է իր ավարտական փուլում:

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը, որի համար կատարվել են ջրային ոլորտի ենթակառուցվածքների բարեփոխումներ՝ ջրի մոնիթորինգի կարողությունների հզորացում, լաբորատորիաների վերազինում, ջրավազանային կառավարման պլանների մշակում, ինչպես նաեւ հանրային լայն իրազեկման աշխատանքներ:

Հեղինակ: Գայանե Ենոքյան

Հոդվածը տպագրվել է հայերեն, ռուսերեն և անգլերեն ՝ Mediamax.am կայքում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,