ԵՄ-ն կաջակցի Աշտարակ համայնքում հասարակական տրանսպորտի նոր համակարգի ներդրմանը
ԵՄ աջակցությամբ իրականացվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում Աշտարակ համայնքում ներդրվելու է հասարակական տրանսպորտի նոր համակարգ:
Ծրագրի շրջանակներում Աշտարակ համայնքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների շնորհիվ կապահովվի բնակիչների հարմարավետ տեղաշարժը համայնքում ընդգրկված բոլոր բնակավայրերում: Նախատեսվում է ձեռք բերել 11 միկրոավտոբուս եւ կառուցել առնվազն մեկ կանգառ յուրաքանչյուր բնակավայրում` ընդհանուր ունենալով 35 ավտոբուսային կանգառ:
Համայնքում հասարակական տրանսպորտի նոր համակարգն ունենալու է նորարարության տարրեր, ինչպիսին է խելացի կանգառը:
«Աշտարակ համայնքն ունի խելացի կանգառներ տեղադրելու հնարավորություն: Այս կանգառներն ամռանն ապահովելու են ցածր ջերմաստիճան, իսկ ձմռանը՝ ջեռուցվելու են: Կանգառի ներսում գործելու է Wi-Fi եւ GPS համակարգ, որը հնարավորություն կտա տեսնել երթուղայինի գտնվելու վայրը, չվացուցակը եւ սպասելու ժամանակը: Կանգառը ներառական է եւ հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց: Կանգառում հնարավոր կլինի օգտվել նաեւ էլեկտրականությունից»,- նշել է Աշտարակի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի եւ տուրիզմի բաժնի պետ Իշխան Բարսեղյանը։
Հասարակական տրանսպորտի նոր համակարգի ներդրումն օգնելու է հատկապես համայնքում բնակվող խոցելի ընտանիքներին, ովքեր տրասնպորտից օգտվելու հնարավորություն կունենան: Ստեղծված տրանսպորտային ծառայությունը ծառայելու է համայնքի բոլոր բնակավայրերին եւ հատուկ սակագներ են կիրառվելու կանոնավոր երթեւեկող խոցելի խմբերի համար:
Եվրոպական միության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ միասին մեկնարկած «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը գործելու է մինչեւ 2024 թվականը եւ Արեւելյան գործընկերության երկրներում տեղական կառավարման մարմիններին կխրախուսի զարգացման նորարարական մեթոդներ կիրառել, որոնք արդար մոտեցում կապահովեն բոլորի նկատմամբ՝ միեւնույն ժամանակ բարենպաստ ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա: Աշտարակ համայնքը ծրագրին միացել է 2019 թվականին:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]