Skip to main content

Առցանց դասընթաց: Կառավարման գործիքների համալիր ժողովածու ղեկավարների համար

Զոի Փորթեր

Լուրերի անկախ խորհրդատու, Լոնդոն, ՄԹ

Զոին 30 տարվա փորձ ունի լրատվական ոլորտում՝ վերջին շրջանում BBC-ում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ: Որպես ավագ խմբագիր՝ նա ղեկավարել է BBC-ի միջազգային լուրերի ալիքը, ներառյալ Սինգապուրի և Վաշինգտոնի լրատվական բյուրոները, ինչպես նաև առաջնորդել է BBC-ի գլխավոր հեռուստատեսային «նախաճաշ-շոուն» Մեծ Բրիտանիայում: Նա Միջազգային նորությունների ծառայություններում աշխատել է թվային զարգացման ուղղությամբ և ղեկավարել է BBC-ի բջջային սարքերի համար նախատեսված՝ կարճ նորությունների ձևաչափով առաջին տեղեկագրերի ներդրման գործընթացը: Նա փորձառու է նաև փոփոխությունների կառավարման ոլորտում՝ BBC-ում ղեկավարելով զարգացման նախագծեր: Որպես մեդիա խորհրդատու՝ նա լրատվական կազմակերպություններին ուղղորդում է թվայինին անցման և խմբագրությունների վերակազմակերպման հարցում: Իր մասնագիտական ուղու ընթացքում նա աշխատել է որպես թղթակից և հաղորդավար, ինչպես նաև պատրաստել է նորությունների բազմաթիվ արտակարգ թողարկումներ իրադարձությունների կիզակետից և ուղիղ եթերից:

Նատալյա Մումլաձե

Խմբագրության տնօրեն, «Պալիտրա մեդիա», Թբիլիսի, Վրաստան

Նատալյան ավելի քան տասը տարի ղեկավարում է Վրաստանի ամենամեծ մեդիա տան՝ «Պալիտրա մեդիա»-ի (Palitra Media) մուլտիմեդիա նյուզրումը (Newsroom)։ Նրա մասնագիտական ղեկավարմամբ լրատվական խմբագրությունը վերափոխվեց լրատվական և թիրախային տարբեր կայքերի լայն շրջանակի, որոնք ունեն ամենաբարձր լսարանը երկրում: Նյուզրումում նրա հիմնական նպատակը եղել է ժամանակակից և հարմարավետ աշխատանքային տարածք ստեղծելը տարբեր մեդիա թիմերի համագործակցության համար և կազմակերպության ֆինանսական կայունության ապահովումը: Նախքան նյուզրումը Նատալյան աշխատել է որպես հեռուստատեսային պրոդյուսեր և լրագրող։ Դա օգնում է նրան ավելի լավ հասկանալ մեդիա թիմերի կարիքները և որակյալ ու նորարար լրագրության կարևորությունը:


Ընդհանուր տեղեկություններ

Կառավարման գործիքների այս համալիր ժողովածուն նախատեսված է ԱլԳ երկրների (Արևելյան Եվրոպայի գործընկեր վեց երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) խմբագրությունների ղեկավարների համար:

Ժողովածուն միտված է աջակցելու անկախ լրատվական կազմակերպությունների խմբագիրների մենթորությանը և վերապատրաստմանը: Այն նպատակ ունի հիմնական փաստաթղթերի ձևանմուշների և օժանդակ տեսանյութերի միջոցով օգնելու խմբագիրներին նորությունների կառավարման հիմունքների և դրա գործնական իրականացման հարցում:

Նպատակներ

> Օգնել խմբագրությունների ղեկավարներին՝ ցուցաբերելու ռազմավարական մոտեցում՝ լրատվական գործունեությունը (միագիծ տեսակից) մուլտիմեդիայի ուղղությամբ ընդլայնելիս:

> Տրամադրել որոշումների կայացման և երկարաժամկետ ու կարճաժամկետ այնպիսի ռազմավարությունների մշակման խորհրդատվություն, ինչպիսիք են մուլտիմեդիա պլանավորումը և գործարկումը:

> Օգնել մուլտիմեդիա լրատվական խմբագրություններում թիմերի կազմակերպմանը՝ տրամադրելով կառավարման գծապատկերներ և աշխատանքի նկարագրության ձևանմուշներ:

> Նպաստել լրատվական խմբագրություններում գենդերային զգայունության մասին իրազեկվածությանը՝ կանանց իրավահավասարությանն աջակցող ուղեցույցներով։

Տեխնիկական պայմաններ

Գործիքների համալիր ժողովածուն կիրառվում և բաժանվում է խմբագրություններին իբրև «EU4IM» («Եվրոպական միությունը՝ անկախ լրատվամիջոցների համար») ծրագրի փորձագետների տրամադրած բիզնեսի կառավարման մենթորության մաս: Այն առաջարկում է՝

  • խելացի մոտեցում կազմակերպական կառուցվածքին (գծապատկերների նմուշօրինակներ, որոնք կարող են տեղայնացվել յուրաքանչյուր խմբագրությունում),
  • տարբեր դերակատարների և գերատեսչությունների միջև փոխհարաբերությունների պարզաբանում,
  • ընդհանուր երկընտրանքներն ընդգծող տեսանյութեր՝ փորձագետների խորհուրդներով։

Թիրախային խմբեր

Հիմնական խումբ՝ ԱլԳ երկրներում անկախ լրատվական խմբագրությունների խմբագիրներ և ղեկավարներ:

Երկրորդային խումբ՝ տեղական մենեջմենթ և բիզնես մենթորներ, որոնք օգնում են խմբագրություններին բարելավելու բիզնես գործունեությունը և հասնելու ֆինանսական կայունության:


Բովանդակություն

1. Ներածություն

Կառավարման ընդհանուր մոտեցումը և փոփոխության պատճառները
Մուլտիմեդիա պլանավորման և գործարկման խորհուրդներ
Եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացման խորհուրդներ

2. Լրատվական խմբագրության կառուցվածքի ուղեցույց

Կառուցվածքային դիագրամներ և հաստիքների անվանումներ
Տարբեր հաստիքների միջև կապերի պարզաբանում
Աշխատանքների նկարագրերի ձևանմուշներ

3. Հավասարության խթանման քաղաքականություն

Կանանց համար աշխատանքային հավասար հնարավորություններին աջակցող քաղաքականության ուղեցույց

4. Օժանդակ տեսանյութեր

Կարճ տեսանյութեր՝ տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ


1. Ներածություն

Այս ժողովածուն ներկայացնում է մեկ մոտեցում՝ նախատեսված տարբեր հարթակների լսարաններ սպասարկող լրատվական թիմերի կառավարման համար: Այն պարզաբանում է, թե ինչու մուլտիմեդիա բաղադրիչի ավելացումը կօգնի ձեր բիզնես մոդելին, ինչպես նաև կբարելավի ձեր՝ գործատուի հեղինակությունը:

Ինչո՞ւ ձեր խմբագրությունը պիտի փոխվի

Լսարաններ. ավելի լավ սպասարկել ավանդական ռադիոյից, հեռուստատեսությունից կամ կայքերից զատ մի շարք այլ աղբյուրներից նորություններ փնտրողներին՝ ավելի երիտասարդ լսարան և ապրանքանիշին հավատարմություն ձևավորելու նպատակով:

Օրինակ՝ արձագանքել երիտասարդ լսարանի (16-24 տարեկան) կողմից սպառվող նորությունների աճին այնպիսի սոցիալական մեդիա հարթակներում, ինչպիսիք են YouTube-ը, Instagram-ը և TikTok-ը:

Եկամուտ. այն կարող է օգնել խմբագրական բովանդակության հաշվին նոր եկամտի հոսքերին, ինչպես նաև ավանդական գովազդին: Դա ձեր կազմակերպությունն ավելի դիմակայուն կդարձնի ապագա փոփոխությունների հանդեպ:

Հեղինակություն. լրագրության թվային բաղադրիչի ավելացումը կարող է բարելավել ձեր կազմակերպության ընկալումը հաճախորդների մոտ՝ այն լայնորեն հասանելի դարձնելով ավելի շատ մարդկանց տարատեսակ հարթակներում և դրանով իսկ հզորացնելով ձեր ապրանքանիշը` իբրև նորությունների անկախ հաղորդող:

Ինչպե՞ս կարող են փոխվել խմբագրությունները

Վերակազմավորում. ղեկավարները կարող են կազմակերպչական փոփոխություններ կատարել՝ նպատակ ունենալով ավելացնելու սոցիալական մեդիա և թվային բովանդակությունը:

Օրինակ՝ ավելի շատ սոցիալական մեդիա բովանդակություն արտադրելու նպատակով լրատվական խմբագրության վերակազմավորումը կարող է ներառել աշխատանքային հաստիքների ընդլայնում մուլտիմեդիա շեշտադրմամբ, կառավարչական վերահսկողության փոփոխություն՝ ներառելու սոցիալական մեդիան, կամ պլանավորման ու գործարկման համատեղում տարբեր հարթակներում՝ գոյություն ունեցող լրագրությունն ավելի լավ օգտագործելու համար: Հնարավոր է՝ դուք որոշեք թվայինն այլ հարթակների համեմատ առաջնահերթություն դարձնել:

Ռազմավարություն. պլանավորելով և հայտարարելով փոփոխությունների ձեր մտադրությունը, ինչպես նաև այդ մասին տեղեկացնելով ձեր թիմերին՝ բոլորը կիմանան, թե ինչ է անհրաժեշտ անել, և ինչպես եք մտադիր հասնել դրան:

Ինչպե՞ս կարող են խմբագիրներն աջակցել դրա հաջողությանը

Մենթորություն. ղեկավարները կարող են աշխատել մենթորների հետ, որոնք խորհուրդներ կտան և կաջակցեն փոփոխություններին: Նրանք պետք է ռազմավարական մտածողություն ունենան՝ որոշակի ժամանակահատվածի համար թիրախներ դնելով և դրանց հասնելու եղանակները պլանավորելով:

Հաղորդակցություն. ղեկավարները պետք է համոզվեն, որ կազմակերպությունում բոլորը տեղյակ են, թե որոնք են նպատակները՝ թիմերի հետ հստակ հաղորդակցության միջոցով և, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր աշխատակցի համար ուսուցում կազմակերպելով: Հաղորդակցությունը պետք է ներառի դեմ առ դեմ հանդիպումներ, ինչպես նաև էլեկտրոնային նամակներ/հաղորդագրություններ: Դրանց թարմացումները պետք է լինեն պարբերական և տեսանելի:

Փոփոխություններին ռազմավարական մոտեցում ցուցաբերելով՝ խմբագրություններն ավելի լավ կպատկերացնեն, թե ինչի են ցանկանում հասնել, և հաջողություն գրանցելու նրանց շանսերն ավելի շատ կլինեն:

Մուլտիմեդիա գործարկում և պլանավորում

Խմբագրությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելուց առաջ առանցքային բաներից մեկը, որ պետք է հաշվի առնել, այն է, թե ինչպես է պլանավորվում և գործում ձեր լրագրությունը: Մուլտիմեդիա լրատվական խմբագրությունում ձեր թիմերը որքան ավելի շատ միասին աշխատեն հենց պատմության սկզբից, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ ավելի լայն լսարան կտեսնի կամ կլսի այդ լրագրողական նյութը:

Ինչպե՞ս է պլանավորվում մուլտիմեդիան և ինչպե՞ս է աշխատում

Այն համախմբում է բոլոր լրատվական թիմերին մեկ կազմակերպությունում՝ իրենց լրագրողական գործունեությունը քննարկելու ու պլանավորելու և գաղափարներ ու պատմություններ փոխանակելու համար: Դա կարող է ներառել օրվա լուրերին նվիրված ժողով, որին մասնակցում են բոլորը (կամ յուրաքանչյուր թիմից որևէ ներկայացուցիչ): Նորությունների խմբագիրը ղեկավարում է այդ ժողովը՝ խմբագրական որոշումներ կայացնելով և օգնելով սահմանելու պատմություններին առնչվող առաջնահերթությունները:

Ավելի խոշոր կազմակերպությունները կարող են ունենալ նաև պլանավորման ամենօրյա կամ ամենշաբաթյա ժողովներ՝ ավելի երկարաժամկետ լրագրողական գործունեության, հաջորդ օրվա նորությունների, ինչպես նաև՝ հատուկ նախագծերի վերաբերյալ գաղափարներ փոխանակելու համար:

Որոշ խմբագրություններ կարող են ներդնել պլանավորման և գործարկման պատասխանատու խմբագրի հաստիքը՝ վերահսկելու լուրերը պլանավորելու և պատմությունները ներկայացնելու ողջ գործընթացը՝ ապահովելով լրագրողական նյութերի արտադրությունը բոլոր հարթակների համար: Այդ խմբագիրը կարող է որոշել, թե որ հետաքննություններին է պետք հետևել և ինչպես է հարկավոր դրանք ներկայացնել: Նա սերտորեն կհամագործակցի բոլոր լրագրողների, ինչպես նաև՝ գովազդի և վաճառքի բաժինների հետ:

Ինչպե՞ս կարող է փոքր թիմն ավելի արդյունավետ օգտագործել իր լրագրողներին

Անգամ փոքր լրատվական կազմակերպությունը կարող է ամեն օր հավաքել բոլոր լրագրողներին՝ պլանավորելու լուրերի լուսաբանումը և փոխանակելու գաղափարներ, բովանդակություն և ռեսուրսներ: Նրանք կարող են դա անել կամ դեմ առ դեմ հանդիպման կամ որևէ առցանց հարթակի միջոցով:

Լրատվական խմբագիրները պետք է օգտագործեն իրական ժամանակում հասանելի բոլոր տվյալները՝ հասկանալու համար, թե ինչ արդյունքներ են գրանցում պատմությունները տարբեր հարթակների լսարաններում:

Ձեր ընկերության բոլոր լրագրողները կիմանան, թե ով է նյութ հավաքում պատմության համար, և ով է գրում լրատվական տեքստը, ինչպես նաև` ինչ արձագանքներ է ստանում պատմությունը լսարաններում: Հավաքված ողջ նյութը պետք է տարածվի և վերաշարադրվի տարբեր (մուլտիմեդիա) հարթակների համար:

Երկրորդ ժողովի կամ հաղորդագրությունների միջոցով կարելի է տեղեկացնել լրագրողներին, թե օրվա ընթացքում ինչ առաջընթաց են գրանցում պատմությունները:

Ինչպե՞ս ձեր լրագրողական աշխատանքի արդյունքը հասցնել ավելի շատ մարդկանց

Պատվիրելով պատմություններ մուլտիմեդիա լրագրողներին, որոնք իրենց նյութը պատրաստում են բոլոր (կամ մի քանի) հարթակների համար:

Տեսանյութերը և լրատվական տեքստերը տարածելով թիմերի շրջանում և վերաշարադրելով առանցքային պատմություններն ավելի շատ մեդիա հարթակների համար:

Թվայինը դարձնելով առաջնահերթություն և պատմություններն արագ տարածելով, որպեսզի մարդիկ տեսնեն և տարածեն դրանք սոցիալական մեդիա հարթակներում՝ նախքան այլոց նորությունների թողարկումը կամ ծրագրերի հեռարձակումը:

Ինչպե՞ս բոլորն իմանան, թե ինչ է կատարվում կազմակերպության ներսում

Պլանավորմանն օժանդակելու նպատալով ունեցեք առցանց օրագիր, որը տեսանելի կլինի ձեր կազմակերպության բոլոր անդամներին:

Բոլորին օպերատիվ տեղյակ պահեք օրվա լրատվական ընթացքին, քանի որ պատմությունները փոխվում են:

Ավելի երկարաժամկետ բացառիկ պատմությունները կամ հատուկ նախագծերը կարող են պատրաստվել մի քանի ձևաչափերով, որպեսզի ձեր բոլոր մեդիա հարթակները կարողանան միաժամանակ հրապարակել դրանք:

Ինչպե՞ս են տարբեր հարթակները (օրինակ՝ կայքերը կամ ռադիոն) յուրահատուկ մնում

Պարզեք, թե ինչ է դուր գալիս տարբեր լսարաններին, և ինչ են նրանք տարածում՝ կիրառելով տվյալների վերլուծություն և այլ մեթոդներ: Օգտագործեք այդ գիտելիքները ձեր բովանդակության ձևավորման համար: Դա կարող է ցույց տալ, թե որ պատմություններին են հետևում տարատեսակ հարթակներում՝ տարբեր ոճերով և խմբագրմամբ նույն բովանդակությունը սպառելով։

Կլինեն պատմությունների ավելի երկար կամ ավելի մանրամասն տարբերակներ՝ նախատեսված առցանց կամ ռադիո լսարանի համար:

Մասնագետները կարող են վարել բովանդակությունը կոնկրետ հարթակների համար և հավաստիանալ, որ պատմությունները պատշաճ կերպով վերաշարադրվել են: Օրինակ՝ առցանց խմբագիրը կվարի կայքի ողջ բովանդակությունը, սոցիալական մեդիա պրոդյուսերը՝ դրա վերաբերյալ բոլոր գրառումները:

Որոշ պատմություններ, այնուամենայնիվ, կհայտնվեն միայն մեկ հարթակում, եթե հարմար չլինեն այլ հարթակների համար:


Պրակտիկ օրինակ՝ BBC News-ի ամենօրյա ժողով

Յուրաքանչյուր աշխատանքային օրվա սկզբում BBC-ի լրատվական խմբագրությունն առավոտյան ժողով է անցկացնում, որը ղեկավարում է ավագ խմբագիրը կամ նորությունների բաժնի ղեկավարը: BBC News-ի բոլոր բաժինները ներկայացուցիչ են ունենում այդ ժողովին:

Կա նորությունների ընդհանուր օրագիր, որ պատրաստում է պլանավորման խմբագիրը: Վաղ առավոտից օրագիրը թարմացվում է վերջին զարգացումներով և քննարկվում է ժողովում` անդրադարձ կատարելով ինչպես պատմությունների մանրամասներին, այնպես էլ խմբագրական հարցերին: Ժողովը նաև դիտարկում է տվյալների վերլուծությունը՝ հասկանալու, թե ինչ արդյունքներ են գրանցում պատմությունները տարբեր հարթակներում: Առավոտյան ծրագրերի յուրաքանչյուր խմբագիր զեկուցում է առավոտյան զարգացումների և արձագանքների մասին:

Բոլորին խրախուսվում է մասնակցել և ինչ-որ բան ասել իրենց պլանների մասին կամ պատմությունների վերաբերյալ խմբագրական տեսակետներ հայտնել:

Խմբագիրները միասին քննարկում են դիտանկյունների կարևորությունը՝ ներկայացնելով իրենց գիտելիքներն ու տեղեկությունները: Մասնակիցները տեղեկանում են բացառիկ հարցազրույցների և լուսաբանման գաղափարների մասին: Ժողովի իմաստն այն է, որ բոլոր լրատվական բաժիններն իմանան, թե ինչ են անում մյուսները: Այնուհետև խմբագիրները կարող են որոշել, թե որ պատմությունների հետ կապված պետք է հետագա քայլեր ձեռնարկեն և ինչպես համապատասխան ձևով պատմեն դրանք իրենց լսարանի և հարթակի համար: Օրվա ընթացքում նրանք տարածում են ստացվող նորանոր տեքստեր, տեսանյութեր և լուսանկարներ:

Մեծ պատմության առկայության դեպքում, ժողովը լսում է անմիջապես լրատվական թղթակցին, կամ երբ բարդ իրավական խնդիր կա, կարող է իրավաբան միանալ, որպեսզի բոլորը միասին ստանան ճիշտ իրավական տեղեկություն: Երկրորդ ժողովն անց է կացվում ավելի ուշ՝ նորությունները թարմացնելու և հաջորդ օրվա ծրագրերը պլանավորելու համար:

BBC News-ն ունի տեսանյութերի և լուսանկարների ընդհանուր օգտագործման հարթակ, որպեսզի նյութը վերբեռնվելուց հետո բոլոր թիմերի համար մատչելի լինի: Մյուս թիմերը կարող են կարդալ ավարտված սցենարները՝ նվազագույնի հասցնելու հետազոտության և փաստերի ստուգման կրկնօրինակումը:

Ժամանակի ընթացքում հանդիպման ձևաչափը փոխվում է՝ ավելի կենտրոնանալով թվայինի վրա՝ պայմանավորված նրանով, որ BBC News-ն սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել սոցիալական մեդիային և թվային տեսանյութերին:


Եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացում

Ֆինանսական կայունությունը ժամանակակից լրատվական խմբագրությունների ամենամեծ մարտահրավերներից է: Մուլտիմեդիա արտադրանքի ավելացումը կարող է օգնել ձեզ ստեղծելու եկամտի նոր աղբյուրներ՝ միևնույն ժամանակ պահպանելով նաև որակյալ բովանդակությունը։ Դա կօգնի ապագա փոփոխությունների նկատմամբ խմբագրությունների դիմակայունության մեծացմանը: Ղեկավարները պետք է պահպանեն խմբագրական և վճարովի բովանդակության հավասարակշռությունը:

Առցանց մեդիայի համար հարկ է դիտարկել երկամտի որոշ աղբյուրներ՝

Ավանդական գովազդ. բաններներ, աշխատանքային սեղանին և բջջայինի էկրանին բացվող պատուհաններ (Pop-ups), տեսանյութերի դիտումից առաջ հայտնվող կարճ գովազդներ (Pre-rolls), վճարված տեսանյութ՝ հոդվածում, RSS հոսք գործընկեր կազմակերպություններից, բջջային հավելվածի մոնետիզացիա:

Բնական գովազդ (Native advertising). բովանդակության մարքեթինգ, բովանդակության գովազդ կանոնավոր հիմունքներով՝ ամսական բաժանորդագրություն գործընկեր կազմակերպությունների և անհատների համար սահմանված վճարով (երկարաժամկետ), վճարված բովանդակություն, թեմայի կամ կոնկրետ հոդվածի հովանավորում:

Կայքում բաժանորդագրություններ ընթերցողների համար (վճարովի բովանդակություն). տարբեր ծառայությունների համար ընթերցողների ամսական և տարեկան բաժանորդագրություններ՝ նորությունների, մասնագիտացված բովանդակության մատակարարում, խաղեր և ընթերցողների ակումբին անդամակցություն: Հատուկ ծառայություններ ընթերցողների համար, օրինակ՝ բժշկի, իրավաբանի խորհրդատվություն։

Էլեկտրոնային առևտրի տարրեր. գործընկերային մարքեթինգ (Affiliate marketing), ձեր սեփական էլեկտրոնային առևտրի ծառայությունների ներդրում տեղեկատվական վեբ պորտալներում:

Սոցիալական մեդիա հարթակների օգտագործում. YouTube-ում տեսանյութերի մոնետիզացիա: Ապրանքի տեղադրում ֆեյսբուքյան էջերում և խմբերում, ապրանքների տեղադրում TikTok-ում և Instagram-ում:

Արտաքին միջոցառումների կազմակերպում. հովանավորվող կոնֆերանսներ, փառատոներ, մեդիա: Լրատվական աշխատակազմը կարող է կազմակերպել միջոցառումներ:

Ծառայությունների մատուցում. ԶԼՄ-ներին հարցազրույցներ տալու ուսուցում, լրագրողների ուսուցում։ Տեղական նորությունների տարբերակի առաջարկում այլ կազմակերպությունների:

Միջազգային կառույցների և կազմակերպությունների իրականացրած ֆինանսավորում. հատուկ բովանդակության արտադրություն, որը ֆինանսավորում են դոնոր կազմակերպությունները:

Տեխնոլոգիական թիմի (ծրագրավորողների) ծառայությունների վաճառք. հաճախորդների համար նոր կայքերի ստեղծում և առկա ծրագրերի վաճառք:

Խմբագրությունները կարող են օգտվել մի շարք ֆինանսավորման աղբյուրներից՝ ապահովելու կայուն եկամուտը և բիզնեսի շարունակականությունը: Իրականացումը կպահանջի սերտ հաղորդակցություն խմբագրության, վաճառքի և մարքեթինգի թիմերի միջև:


Պրակտիկ օրինակ՝ «Պալիտրա մեդիա»-ի խմբագրական և մարքեթինգային ֆինանսական ռազմավարություն

«Պալիտրա մեդիա»-ում լրատվական խմբագրության թիմն առանձնացված է մարքեթինգի/վաճառքի թիմից: Երկուսն էլ և՛ պլանավորում, և՛ բյուջե են կազմում իրարից անկախ՝ աշխատելով մայր ընկերության ռազմավարությանը համապատասխան:

Տարեսկզբին նրանք մանրամասն ֆինանսական պլան են գրում առաջիկա 12 ամիսների համար։ Նրանց միջև կա համաձայնագիր, որը բացառիկ իրավունքներ է տալիս մարքեթինգի/վաճառքի ընկերությանը՝ վաճառելու խմբագրության արտադրանքը և պահելու շահույթի 20%-ը։ Խմբագրությունը մարքեթինգային ծառայությունների համար վճարում է ֆիքսված վճար:

Երկու ոլորտների հաջողությունն ու զարգացումը երկուստեք հետաքրքրություն է ներկայացնում։ Միևնույն ժամանակ, երկու թիմերն էլ մտածում են իրենց եկամուտներն ինքնուրույն ավելացնելու մասին և գաղափարներ են ծնում, թե ինչպես գումար վաստակել բովանդակությունից։

Խմբագրական + վաճառքի + մարքեթինգի թիմերի շաբաթական ժողովներում գաղափարները հաստատվում են, և որոշվում է, թե ով է դրանք իրականացնելու։ Երբեմն խմբագրությունն ինքնուրույն է ներդնում մոնետիզացիան՝ առանց գովազդային խմբի: Օրինակ՝ կայքում բաժանորդագրություններ ընթերցողների համար, ծառայություններ ընթերցողների համար և միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող նախագծերի իրականացում:

Մոնետիզացիայի նոր գաղափարների պլանավորման և իրականացման համար արվող քայլեր

  1. Գաղափարի գեներացում և նախաձեռնում (հիմնականում ամենշաբաթյա խմբագրական ժողովների ժամանակ): Յուրաքանչյուր խմբագիր մոտիվացված է ներկայացնելու մոնետիզացիայի վերաբերյալ սեփական մտքերը,
  2. գաղափարի վերլուծություն` շուկայի հետազոտություն, միջազգային մեդիայի և մրցակիցների փորձ: Նախագծի բարդության և շահութաբերության վերլուծություն,
  3. խորհրդատվություններ տեխնիկական և մարքեթինգային թիմերի հետ,
  4. գաղափարի հաստատում և բիզնես պլանի ստեղծում,
  5. իրականացում,
  6. փորձարկում,
  7. գործարկում,
  8. խթանում,
  9. արդյունքների չափում:

«Պալիտրա մեդիա»-ի կողմից իրականացված հաջողված ծրագրի օրինակ է Mkurnali.ge բժշկական կայքի «բժշկի ծառայությունը»: Ընթերցողները կարող են կոնկրետ բժշկի հարց տալ և պատասխան ստանալ:


2. Լրատվական խմբագրության կառուցվածքի ուղեցույց

Սրանք կազմակերպությունների կառուցվածքի նմուշներ են, որոնք կարող են օգնել ղեկավարներին, որոնք մուլտիմեդիա աշխատանքը մեծացնելու նպատակով մտածում են խմբագրությունը վերակառուցելու մասին:

Սրանք մտածված են իբրև պատկերավոր ուղեցույցներ, որոնք կարող են հարմարեցվել և օգնել խմբագրության ղեկավարներին մշակելու համապատասխան կառուցվածք՝ ըստ առկա սեփական ռեսուրսների և առաջնահերթությունների:

Կառուցվածքային դիագրամներ

  • Ձևանմուշ՝ խոշոր մուլտիմեդիա խմբագրության համար
  • Պարզեցված ձևանմուշ՝ ավելի փոքր մուլտիմեդիա խմբագրության համար
Ա. Կառուցվածքային դիագրամ 1՝ խոշոր մուլտիմեդիա խմբագրության համար
A - Organisation chart one - for a larger newsroom

Բացատրություն

Ավելի մեծ լրատվական կազմակերպության համար նախատեսված այս մոդելում կան առցանց/սոցիալական մեդիաների, հեռուստատեսության և ռադիոյի առանձին խմբագիրներ: Հաջորդ բաժնում ներկայացված աշխատանքի նկարագրերը ավելի շատ տեղեկություններ են տալիս այդ հաստիքների աշխատանքի վերաբերյալ, օրինակ՝ մուլտիմեդիա լրագրողները կարող են բովանդակություն ստեղծել բոլոր հարթակների համար՝ խմբագիրների վերահսկողության ներքո, կամ նրանք կարող են համատեղել երկու գործառույթ՝ աշխատելով որպես օպերատոր և լրագրող:

Կայքերը կունենան նեղ ուղղվածության էջեր, օրինակ՝ «նորություններ», «սպորտ», «վերլուծություններ», «կանայք», «ապրելակերպ» և «տեսանյութեր» (գուցե մարդկային պատմություններ): Այս բովանդակության մի մասը կաշխատի նաև սոցիալական մեդիայում և այլ հարթակներում:

Որոշ խմբագրություններ ունեն լրատվական գործակալության թիմ՝ կազմված մուլտիմեդիա լրագրողներից: Նրանք գրում են պատմություններ և հոդվածներ, որոնք վաճառվում են արտաքին մեդիա ընկերություններին: Այս լրագրողները կարող են նաև աշխատել այլ ուղղություններով, ինչպիսին են ռադիոհաղորդումները:

Տվյալների վերլուծաբանը կմշտադիտարկի տարբեր հարթակների թրաֆիկն ու լսարանները և կտեղեկացնի նորությունների խմբագիրներին, թե որ պատմություններն են լավ կարդացվում կամ դիտվում: Այս տեղեկությունը կարող է տարածվել խմբագրության բոլոր բաժիններում և կարող է օգնել խմբագրական որոշումներ կայացնել՝ չկապակցված հարթակների վերաբերյալ, ինչպիսին է հեռուստատեսությունը:

Լրատվական խմբագրությունը կարող է ունենալ խմբագրական բովանդակության պրոդյուսերների/գրողների հատուկ ստորաբաժանում, որոնք աշխատում են ինչպես գովազդային թիմի, այնպես էլ նորությունների խմբագիրների հետ՝ համացանցի կամ սոցիալական մեդիայի համար ֆինանսավորվող բովանդակություն արտադրելու համար:

Խոշոր մեդիա կազմակերպությունը կունենա գովազդային, ՄՌ-ի (մարդկային ռեսուրսների) և տեխնիկական թիմեր, որոնք կաջակցեն ողջ ընկերությանը:

Տեխնիկական թիմը կաշխատի բիզնեսի բոլոր ուղղություններով, ներառյալ ամենօրյա արտադրությունը, պլանավորումը և նորարարությունը, վեբ թարմացումները և ցանկացած այլ գործողություն:

Մարդկային ռեսուրսների բաժինը աջակցում է ղեկավարությանը՝ անձնակազմի հավաքագրման և ուսուցման, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության, պայմանագրերի և քաղաքականության կազմակերպման գործում, ինչպիսիք են մայրության նպաստը և կարիերայի զարգացումը: Աշխատավայրում հավասարությունը բարելավելու համար նրանք կարող են աշխատել խմբագիրների հետ:

Որոշ ավելի խոշոր կազմակերպությունների մոտ, հնարավոր է, ցանկություն լինի դիտարկելու ներքին ուսուցման ծրագիր ունենալու տարբերակը՝ ուղղված նոր տաղանդներ գտնելուն, ինչպիսին օրինակ «Պալիտրա մեդիա»-ի 12-ամսյա սխեման է, որը հրավիրում է սոցիալական մեդիայով զբաղվող փորձնակների, որոնցից ոմանք հետագայում մնում են որպես լրագրող:

Հաղորդակցությունը ուշադրւթյան արժանի կարևոր ոլորտ է, և որոշ խոշոր կազմակերպություններ կարող են ներգրավել հաղորդակցության մասնագետի: Հակառակ դեպքում ղեկավարները կարող են ապահովել կարևոր տեղեկությունների փոխանցումը ողջ աշխատակազմին մի քանի ուղիներով: Նրանք պետք է նաև թույլ տան աշխատակազմին հեշտությամբ արձագանքել ղեկավարներին և երաշխավորեն, որ նրանք կարող են անխոչընդոտ խոսել ինչ-որ մեկի հետ այն խնդիրների մասին, որոնց բախվում են իրենց աշխատանքում:


Բ. Կառուցվածքային դիագրամ 2՝ ավելի փոքր խմբագրության համար
A - Organisation chart one - for a larger newsroom

Բացատրություն

Այս մոդելն ընդգրկում է մուլտիմեդիա լրագրողների շատ ավելի փոքր թիմ, որը զբաղվում է ինչպես վեբ, այնպես էլ սոցիալական մեդիայի արտադրանքով: Հնարավոր է՝ լրտվական խմբագրություններին անհրաժեշտ լինեն կայքերի մի քանի խմբագիրներ՝ կախված խմբագրության չափից, բայց մեկ խմբագիրն էլ կարող է վերահսկել ամբողջ բովանդակությունը և ղեկավարել բոլոր լրագրողներին:

Այս ավելի փոքր խմբագրությունը կրկին ունի տվյալների վերլուծաբան, որը մշտադիտարկում է թրաֆիկը, և այն կարող է ունենալ փոքր լրատվական գործակալություն, ինչպես նաև բուն բովանդակություն ստեղծող՝ եկամուտն ավելացնելու համար:

Այն կարող է ունենալ ՄՌ մենեջեր, որոշակի տեխնիկական աջակցություն և գովազդով զբաղվող անձնակազմ, որոնք կաշխատեն բոլոր լրագրողների հետ միասին: Այլապես ՄՌ կառավարումը (աշխատանքի ընդունումը, պայմանագրերը և անձնակազմի զարգացումը) կիրականացնի լրատվական բաժնի մենեջերը:

Ընդհանուր օգտագործման տեսանյութերը և հոդվածները բովանդակության առանցքային մասն են կազմելու. բոլոր տեղեկությունները հասանելի կլինեն մյուս լրագրողներին և խմբագիրներին, և բազմաթիվ պատմություններ հարմարեցված կլինեն տարբեր հարթակների համար՝ առավելագույնի հասցնելու դրանց ազդեցությունն ու լսարանի ընդգրկումը:


Աշխատանքի նկարագրերի ձևանմուշներ

Այս բաժնում ներառված են որոշ աշխատանքներին վերաբերող առանձնահատկությունների օրինակներ՝ ցույց տալու, թե ինչպես կարելի է ձևակերպել դրանք և օգնելու բացատրել, թե ինչ կարող է ընդգրկել հաստիքներից յուրաքանչյուրը: Դրանք կարող են փոփոխվել՝ ըստ ձեր խմբագրության կարիքների:

Նոր աշխատակիցներ ընդունելիս կամ մարդկանց հաստիքները փոխելիս օգտակար է ունենալ աշխատանքի նկարագրեր և պայմանագրեր, որպեսզի և՛ աշխատողը, և՛ գործատուն հստակ հասկանան, թե ինչ է ակնկալվում:

Դրանք կարող են նաև օգնել ձեզ՝ աշխատանքի ընդունելու լավագույն թեկնածուներին՝ համոզվելով, որ նրանք տիրապետում են նախապես ձեր որոշած և պահանջվող հիմնական հմտություններին:

  • Ձևանմուշները ներառում են աշխատանքի համառոտ նկարագիրը, հաստիքի համար պահանջվող հմտությունները, ժամերի ու աշխատավարձի չափի հուշումը:
  • Այս ժողովածուում ներառված ձևանմուշները նախատեսված են ավագ և կրտսեր անձնակազմի համար։ Դրանք են՝ մուլտիմեդիա գործարկման խմբագիրը, մուլտիմեդիա լրագրողը, սոցիալական մեդիա պրոդյուսերը և տվյալների վերլուծության պրոդյուսերը:
  • Ներառված են նաև մարքեթինգի և գովազդի վաճառքի ոլորտներից որոշ ոչ լրագրողական աշխատակիցներ, որոնք համագործակցում են լրատվական խմբագրության հետ:
  • Աշխատանքի բոլոր նկարագրերում նշում կա ձեր ընկերության խմբագրական ուղեցույցների մասին: Սրանք ուղենշային սկզբունքների մի համախումբ են, որոնք կարող են գրվել ղեկավարության կողմից և հասանելի լինել ողջ աշխատակազմին՝ օգնելու նրանց ձեր նպատակներին հասնելու համար տարվող աշխատանքում: Ուղեցույցները կսահմանեն ձեր կազմակերպության լրատվական արժեքները և կարող են թարմացվել՝ ըստ մեդիայում զարգացումների պահանջների (օրինակ՝ սոցիալական մեդիայի ուղեցույցները կարող են փոփոխվել տեխնոլոգիներին զուգընթաց):

Կայքի խմբագիր

Աշխատանքի նկարագիր
Որպես կայքի խմբագիր՝ դուք ամենօրյա ռեժիմով պետք է պատասխանատու լինեք կայքի(երի) բոլոր պատմությունների և բովանդակության համար:
Դուք պետք է աշխատեք մուլտիմեդիա լրագրողների հետ (և պլանավորման խմբագրի, եթե այդպիսին առկա է)՝ պատվիրելով պատմություններ, նախապես պլանավորելով և իրականացնելով հատուկ նախագծեր:
Դուք պետք է տիրապետեք տվյալների վերլուծության ու հրապարակման համար օգտագործվող ծրագրերին, որպեսզի որոշեք, թե որ պատմությունները պիտի հրապարակել և ինչպես խթանել դրանց առաջընթացը:
Դուք պետք է սերտորեն համագործակցեք մարքեթինգի և վաճառքի բաժինների հետ՝ կայքի առավելագույն լսարան ապահովելու ու եկամուտն առավելագույնի հասցնելու համար: Դուք նաև պիտի գաղափարներ տաք՝ լրագրության մոնետիզացիայի նոր ուղիների մասին:
Ոչ պարտադիր. դուք նաև պետք է վերահսկեք սոցիալական մեդիան և ապահովեք, որ լրագրողական աշխատանքը համապատասխանի տարբեր լսարանների և հարթակների:

Պահանջվող հմտություններ
Պատմություններ առաջարկելու և թիրախային լսարանին համահունչ վերնագրերի գաղափարներ գեներացնելու կարողություն։
Հրապարակումների ցիկլը համակարգելու և բովանդակության ուղղությունները կառավարելու ունակություն:
Տվյալների և փաստերի հավաստիությունն ապահովելով՝ պատմությունները կամ հոդվածները խմբագրելու և սրբագրելու հմտություն։
Պատմությունների տվյալների վիզուալիզացիայի գաղափարներ ներկայացնելու ընդունակություն:
Օրիգինալ պատմություններ «հրապուրելու» համար կոնտակտների ցանց զարգացնելու և պահպանելու ունակություն։
Նախատեսվող հետաքննությունների և հատուկ նախագծերի հետագա պլանավորումը ղեկավարելու կարողություն (աշխատելով պլանավորման խմբագրի հետ, եթե այդպիսին կա ընկերությունում)։
Կայքի արտադրողականությունն առավելագույնի հասցնելու համար տեխնիկական թիմի հետ աշխատելու պատրաստակամություն։
Սթրեսային իրավիճակներում արագ և արդյունավետ աշխատելու ունակություն:
Վերջնաժամկետները և բյուջեի պահանջները պահպանելու ընդունակություն:
Ունենալ լրատվական թիմերի կառավարման փորձ, հաղորդակցական լավ հմտություններ և լինել թիմային խաղացող:
Ըստ մեր ընկերության խմբագրական ուղեցույցի աշխատելու պատրաստակամություն:

Ժամերը և աշխատավարձի միջակայքը ներառված են։

Պլանավորման և գործարկման խմբագիր

Աշխատանքի նկարագիր
Որպես պլանավորման և գործարկման խմբագիր՝ դուք պետք է վերահսկեք մուլտիմեդիա լրագրողների աշխատանքը և աշխատեք բոլոր լրատվական խմբագիրների հետ՝ նախապես պլանավորված նորությունների բովանդակությունը որոշելու և ստեղծելու համար: Դուք լրագրողներին պետք է պատվիրեք պատմություններ բոլոր հարթակների համար՝ համակարգելով դրանց հրապարակումը կամ հեռարձակումը:
Դուք պետք է վերահսկեք կայքերի համար պլանավորված բովանդակությունը՝ ներառյալ թվային տեսանյութերը, ինչպես նաև սոցիալական մեդիան (նաև հեռուստատեսություն/ռադիո, եթե կիրառելի է)։
Դուք պետք է վարեք նորությունների օրագիրը և ղեկավարեք բոլոր թիմերի օրիգինալ լրագրողական նյութերի ստեղծումը և սերտորեն աշխատեք մարքեթինգի ու գովազդի բաժինների հետ՝ եկամուտ ստանալու նպատակով:

Պահանջվող հմտություններ
Լրագրողների կառավարման և պատմություններ բացահայտելու խմբագրական փորձ:
Գերազանց կազմակերպչական հմտություններ՝ նորությունների օրագրեր վարելու և հակասությունները հաղթահարելու համար:
Տարբեր կարծիքների և պահանջների մեջ կողմնորոշվելու ունակություն՝ համախմբելու որակյալ լրագրությունը մի քանի լրատվական հարթակների համար:
Ավանդական մեդիայի, ինչպես նաև սոցիալական և թվային մեդիայում նորարարությունների գերազանց իմացություն:
Լրատվական միտումների պատկերացում և խմբագրական որոշումներ կայացնելու համար վերլուծական տվյալներն օգտագործելու ունակություն:
Ըստ մեր ընկերության խմբագրական ուղեցույցի աշխատելու պատրաստակամություն:

Ժամերը և աշխատավարձի միջակայքը ներառված են։

Մուլտիմեդիա լրագրող

Աշխատանքի նկարագիր
Անհրաժեշտության դեպքում դուք պետք է աշխատեք որպես լրագրող հեռուստատեսության, ռադիոյի, կայքի և սոցիալական մեդիայի համար:
Ձեր աշխատանքի մաս են տարբեր հարթակների և տարբեր լսարանների տեխնիկական պահանջների ըմբռնմամբ պատմություններ մտածելը, հետազոտելը, ստեղծելը և ներկայացնելը:
Դուք պետք է սերտորեն համագործակցեք ողջ խմբագրության գործընկերների հետ՝ անհրաժեշտության դեպքում հարմարեցնելով պատմությունները տարբեր ԶԼՄ-ների համար:

Պահանջվող հմտություններ
Լրագրողական ուժեղ հմտություններ և խմբագրական բնազդ։
Ամենօրյա ռեժիմով պատմություններ ստեղծելու և զարգացնելու համար խմբագիրների հետ աշխատելու ունակություն:
Բացառիկ պատմություններ «հրապուրելու» նպատակով կոնտակտների ցանց ստեղծելու, պահելու և զարգացնելու ընդունակություն։
Ուղիղ հեռարձակմամբ (երբեմն օպերատորի օգնությամբ), հաղորդում անելու ունակություն:
Հոդվածների և նախագծերի համար տեսանյութեր խմբագրելու կարողություն (երբեմն տեսանյութերի խմբագրի հետ):
Տվյալների վիզուալացման համար գաղափարներ ներկայացնելու և ինֆոգրաֆիկա ստեղծելու ընդունակություն։
Տեխնիկական թիմի և նորությունների խմբագիրների հետ հատուկ նախագծերի վրա աշխատելու պատրաստակամություն:
Սթրեսային իրավիճակներում արագ և արդյունավետ աշխատելու ունակություն:
Նախքան հրապարակումը տվյալները ճշգրտելու և փաստերը կրկնակի ստուգելու հմտություն:
Պատմության ազդեցությունն առավելագույնի հասցնելու համար տվյալների վերլուծաբանների հետ աշխատելու պատրաստակամություն:
Ունենալ հաղորդակցման հմտություններ և լինել թիմային խաղացող:
Ըստ մեր ընկերության խմբագրական ուղեցույցի աշխատելու պատրաստակամություն:

Ժամերը և աշխատավարձի միջակայքը ներառված են։

Սոցիալական մեդիա պրոդյուսեր

Աշխատանքի նկարագիր
Որպես սոցիալական մեդիա պրոդյուսեր՝ դուք պետք է հավաքեք և հրապարակեք լրատվական բովանդակություն սոցիալական մեդիա հարթակների համար՝ օգնելով մեզ հասնելու նոր լսարանների և բարձրացնելով մեր լրատվական ապրանքանիշի մասին իրազեկվածությունը: Դուք նաև պետք է օգնեք մշակելու սոցիալական մեդիայի ռազմավարությունը:

Պահանջվող հմտություններ
Լրագրողական ուժեղ հմտություններ և խմբագրական բնազդ:
Ամենօրյա ռեժիմով և երկարաժամկետ նախագծերի համար պատմությունների գաղափարներ գեներացնելու ունակություն:
Պատկերացում, թե ինչպես է աշխատում սոցիալական մեդիան՝ Facebook-ը, Instagram-ը, ինչպես նաև TikTok-ը և YouTube-ը:
Լայնորեն տարածվող բովանդակություն բացահայտելու, ստեղծելու, այն սոցիալական ցանցերի համար փաթեթավորելու և վաճառելու ունակություն:
Գրելու ուժեղ հմտություններ՝ ճշգրիտ հղումներով հավաստի նյութ ստեղծելու համար։
Վիզուալ և խմբագրման հմտություններ, որոնք կօգնեն նյութերը հնարավորինս արդյունավետ առաջ մղելուն:
Մուլտիմեդիա լրագրողների հետ աշխատելով՝ ուղիղ հեռարձակումներ և կարճ տեսանյութեր պլանավորելու կարողություն:
Սոցիալական մեդիայում տարածման, լսարանների ընդգրկման և ներգրավվածության ավելացման համար ռազմավարություն ստեղծելուն օգնելու պատրաստակամություն։
Առցանց թիմերի հետ սերտորեն աշխատելու և այլ լրագրողների ուսուցման հարցում օգնելու կարողություն։
Սոցիալական մեդիա հարթակներում տվյալները վերլուծելու և ղեկավարության համար հաշվետվություններ պատրաստելու ունակություն:
Սթրեսային իրավիճակներում արագ և արդյունավետ աշխատելու ունակություն:
Ունենալ հաղորդակցման հմտություններ և լինել թիմային խաղացող:
Ըստ մեր ընկերության խմբագրական ուղեցույցի աշխատելու պատրաստակամություն:

Ժամերը և աշխատավարձի միջակայքը ներառված են։

Տվյալների վերլուծաբան

Աշխատանքի նկարագիր
Մեր տարբեր հարթակների միջոցով թրաֆիկի տվյալները վերլուծելով՝ դուք լրատվական կազմակերպությունում պետք է բարելավեք լսարանների ընդգրկումը և նրանց կողմից նյութերի տարածումը: Դուք պետք է պատրաստեք ամենօրյա, շաբաթական և ամսական հաշվետվություններ մեր կայքերի համար և դրանք ներկայացնեք խմբագրական և գովազդային թիմերին:
Դուք պետք է մասնակցեք լրատվական ժողովներին և ներկայացնեք յուրաքանչյուր կայքի՝ նախորդ օրվա արդյունավետության վերլուծությունը:
Դուք պետք է կարողանաք տվյալների հիման վրա խորհուրդներ տալ նորությունների խմբագիրներին և սոցիալական մեդիայի թիմին:

Պահանջվող հմտություններ
Լրագրողական լավ հմտություններ և խմբագրական գնահատողականություն:
Տվյալների վերլուծության ամենաարդյունավետ հարթակները ուսումնասիրելու, վերհանելու և օգտագործելու ունակություն:
Այդ տեղեկությունները նորությունների խմբագիրներին և ղեկավարությանը հստակ ներկայացնելու ունակություն:
Խմբագիրների, տեխնիկական թիմի և ղեկավարության հետ աշխատելու ունակություն՝ բարելավելու օգտատերերի փորձը կայքերում:
Տվյալներն օգտագործելով արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խմբագիրների և գովազդային թիմի համար պարբերաբար ուսուցում կազմակերպելու կարողություն:
Ունենալ հաղորդակցման հմտություններ և լինել թիմային խաղացող:
Ըստ մեր ընկերության խմբագրական ուղեցույցի աշխատելու պատրաստակամություն:

Ժամերը և աշխատավարձի միջակայքը ներառված են։

Մարքեթինգի մենեջեր

Աշխատանքի նկարագիր
Որպես մարքեթինգի մենեջեր՝ դուք պետք է սերտորեն աշխատեք նորությունների խմբագրի/գլխավոր խմբագրի հետ՝ առավելագույնի հասցնելու մեր լրագրողական աշխատանքի լսարանի ընդգրկումը: Դուք պիտի պատասխանատու լինեք լրատվամիջոցի համար մարքեթինգային ռազմավարությունների պլանավորման, տարբեր ուղիներով դրանք առաջ մղելու, բյուջետավորման և արշավների արդյունքներից ելնելով հետագա գործողությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:
Աշխատանքը պետք է ներառի նաև՝
հաղորդակցում պոտենցիալ մեդիա գործընկերների հետ, նրանց հետ պայմանավորվածությունների ձեռք բերում և այդ մեդիա համագործակցության արդյունքների ընթացքին հետևում,
խմբագրական թիմի հետ կոորդինացում՝ ավելի լավ հասկանալու նրանց կարիքները և հատուկ նախագծերի ու որոշակի մեդիա արտադրանքի առաջմղմանը մասնակցություն,
համագործակցություն բրենդ-մենեջերի հետ և ապրանքանիշի զարգացման գործընթացում ներգրավվածություն,
մարքեթինգի բաժնի թիմի կառավարում,
թվային մարքեթինգի միտումների պատկերացում և շուկայի միտումների վերլուծություն,
մրցակիցների արդյունավետության ուսումնասիրություն և արդյունքների ներկայացում նորությունների խմբագիրներին:

Պահանջվող հմտություններ
Մարքեթինգի փորձ՝ լրագրողական և խմբագրական առաջնահերթությունների լավ պատկերացմամբ:
Վերլուծական հաշվետվությունները հասկանալու և դրանք հաջող մարքեթինգային ռազմավարությունների վերածելու ունակություն:
Գերազանց հաղորդակցական, միջանձնային և ցանցային հմտություններ՝ գործընկերների, խմբագրական թիմի և աշխատակիցների հետ համագործակցելու համար:
Նորարար մտածողություն և ստեղծարարութուն. նոր միտումների ըմբռնում և մարքեթինգային նորարարություններին հետևելու ունակություն:
Ծրագրի կառավարման հմտություններ՝ պլանավորում, բյուջետավորում, իրականացում:
Վերլուծական մտածողություն. իրականացված ծրագրերի արդյունքների վերլուծություն և կանխատեսում:
Քննադատական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ:
Որևէ բան ներկայացնելու հմտություններ:
Սթրեսային իրավիճակներում արագ և արդյունավետ աշխատելու ունակություն:
Ունենալ հաղորդակցման հմտություններ և լինել թիմային խաղացող:
Ըստ մեր ընկերության խմբագրական ուղեցույցի աշխատելու պատրաստակամություն։

Ժամերը և աշխատավարձի միջակայքը ներառված են։

Գովազդի վաճառքի մենեջեր

Աշխատանքի նկարագիր
Որպես վաճառքի մենեջեր՝ դուք պետք է պատասխանատու լինեք լրատվամիջոցի վաճառքի ռազմավարությունների պլանավորման, նպատակների սահմանման և վաճառքի պլանների ստեղծման համար:
Աշխատանքը պետք է ներառի նաև՝
իրազեկվածություն վաճառքի շուկայի միտումների մասին և դրանք մեդիա հարթակներում իրականացնելու ունակություն,
աշխատանք լրատվամիջոցների եկամուտների աղբյուրների դիվերսիֆիկացման վրա, համագործակցություն խմբագրական թիմի հետ,
տեխնիկական թիմի հետ աշխատանք CRM համակարգի կատարելագործման, ինչպես նաև նորարարական գործիքների ներդրման ուղղությամբ,
մասնակցություն ընկերությունների համար տարբեր առաջարկների ստեղծմանը,
վաճառքի թիմի կառավարում և վաճաքով զբաղվողների ուսուցում,
վաճառքի թիմի համար մոտիվացիոն և բոնուսային համակարգի ստեղծում:
վաճառքի թիմի արդյունքների ուսումնասիրում և վերլուծություն՝ համաձայն սահմանված նպատակների:

Պահանջվող հմտություններ
Անհատական փորձ վաճառքի ոլորտում՝ CRM համակարգերի լավ իմացությամբ:
Ֆինանսական կրթություն՝ պլանավորման և բյուջետավորման համար:
Գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև խմբագրական և վաճառքի թիմերի հետ համագործակցելու համար միջանձնային և ցանցային հաղորդակցման գերազանց և արդյունավետ հմտություններ:
Նորարարական մտածողություն. նոր միտումների պատկերացում և վաճառքի ոլորտում նորարարություններին հետևելու կարողություն:
Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծում:
Որևէ բան ներկայացնելու ուժեղ հմտություններ և ժամանակի լավ կառավարում:

Ժամերը և աշխատավարձի միջակայքը ներառված են։


Պրակտիկ օրինակ՝ «Պալիտրա մեդիա»-ի մուլտիմեդիա խմբագրություն

«Պալիտրա մեդիա»-ն Թբիլիսիում (Վրաստան) գործող հաջողակ մեդիա կազմակերպություն է, որը ղեկավարում է թերթ (տպագիր մամուլ), ինչպես նաև՝ հեռուստատեսային և ռադիոկայաններ, կայքեր և սոցիալական մեդիա (հիմնականում Facebook):

Այս կազմակերպչական դիագրամը ցույց է տալիս, թե ինչպես է այդ լրատվական կազմակերպությունը կարողացել դիվերսիֆիկացնել իր վեբ թիմը սոցիալական մեդիայի և թվային լրագրության շնորհիվ:

Այն ունի մուլտիմեդիա լրագրողներ, որոնք աշխատում են տարբեր հարթակներում:

A - Organisation chart one - for a larger newsroom

3. Խմբագրություններում կանանց հավասարության խթանման քաղաքականություն

Գենդերային զգայունության հետ կապված խնդիրների լուծումը կարող է բազմաթիվ օգուտներ բերել ձեր կազմակերպությանը՝ ինչպես կազմակերպության ներսում այնպես էլ դրանից դուրս: Առաջինն արտահայտվում է աշխատանքից բավարարվածությամբ և ձեր աշխատակիցներին պահպանելով, իսկ երկրորդը՝ գովազդատուների և արտաքին ֆինանսավորող մարմինների կողմից դրա ընկալմամբ:

Համաշխարհային կազմակերպությունների (ինչպիսին է ՄԱԿ-ը) նպատակն է խթանել գենդերային հավասարությունը: ՄԱԿ-ը դա դիտարկում է ոչ միայն որպես մարդու հիմնարար իրավունք, այլև անհրաժեշտ հիմք՝ խաղաղ, բարգավաճ և կայուն աշխարհի համար:

Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ հավասարության քաղաքականությունը

Որովհետև բոլոր մակարդակներում կանանց աշխատանքի ընդունելն ու պահելը օգուտ կբերի ձեր խմբագրությանը և ձեր լրագրողական աշխատանքին: Այն կարող է լավագույնս հավասարակշռել կառավարման գործընթացը, ապահովել լսարանը հաշվի առնող պատմությունների ավելի լայն շրջանակ և ղեկավարներին ավելի շատ ընտրության հնարավորություն տալ մարդկանց աշխատանքի ընդունելիս:

Հավասարությունը կարող է օգուտներ բերել շնորհիվ նրա, թե ինչպես են խմբագրությունն ընկալում արտաքին կազմակերպությունները, որոնք կարող են հովանավորել բովանդակությունը կամ տրամադրել դրամաշնորհներ և ֆինանսավորում:

Հստակ քաղաքականություն ունենալը կաջակցի այդ ոլորտների ձեր հանձնառությանը, և ղեկավարներն ու անձնակազմը կիմանան, թե ինչ ակնկալել ձեր կազմակերպությունից:

Ինչպե՞ս դառնալ ավելի լավ գործատու կանանց համար

Մշակելով զբաղվածության քաղաքականություն՝ աշխատանքի ընդունման արդար գործընթացով, որը պետք է ապահովի բոլոր կանանց և տղամարդկանց համար աշխատատեղերի հավասար հասանելիություն: Նաև աջակցելով կանանց իրենց կարիերայի ընթացքում, որպեսզի նրանք շարունակեն աճել և ստանձնել ավելի բարձր պաշտոններ կամ մնան աշխատանքի մեջ:

Աշխատանքի հստակ նկարագրեր. դրանք կարող են օգտագործվել՝ օգնելու աշխատանքի ընդունման արդար գործընթացին: Նշեք պաշտոնի համար պահանջվող հմտությունները և ընտրեք թեկնածուներին ըստ այդ չափանիշների: Սա ձեզ թույլ կտա արդար գնահատել մարդկանց: Այնպիսի հմտությունները, ինչպիսիք են կազմակերպության և մարդկանց կառավարումը, նույնքան կարևորեք, որքան խմբագրական որոշումներ կայացնելը:

Արդարություն աշխատանքի ընդունելիս. սա ներառում է բոլոր հաստիքների գովազդում և կանանց ու տղամարդկանց դիմելու հավասար հնարավորության ընձեռում: Թեկնածուները ընտրվում են աշխատանքի նկարագրության մեջ նշված հմտություններին համապատասխանելու շնորհիվ: Կադրերի ընտրության արդար գործընթացը ենթադրում է ՄՌ բաժնից որևէ մեկի (կամ անկախ մենեջերի) մասնակցություն հարցազրույցին:

Կարիերայի աջակցություն. ղեկավարները կարող են աջակցել կին աշխատողներին կարիերայի պլանավորման, աշխատանքի վայրում ուսուցման հարցերով և զարգացման հնարավորություններով: Աշխատակիցների պարբերաբար արվող անհատական գնահատումներն օգնում են նրանց իրացնելու իրենց ներուժը՝ հետադարձ կապի և մենթորության միջոցով:

Է՞լ ինչը կարող է մեզ դարձնել հավասար հնարավորություններ ապահովող գործատու

Հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության անցումը, որպեսզի տղամարդիկ և կանայք ստանան միանման աշխատավարձ (օրինակ՝ Վրաստանում կանանց վարձատրությունը կազմում է տղամարդկանց աշխատավարձի միայն 65%-ը):

Ղեկավարները կարող են մշտադիտարկել իրենց խմբագրության տարբեր մակարդակներում տղամարդկանց/կանանց թիվը և ձգտել վերացնել ցանկացած անհավասարակշռություն:

Ներդրեք այնպիսի արտոնություններ, ինչպիսիք են մայրության վճարովի արձակուրդը, որպեսզի պահեք երեխա ունենալու նպատակով արձակուրդ վերցնող կանանց. դրա շնորհիվ դուք կարող եք խնայել նաև նոր մարդ աշխատանքի ընդունելու և ուսուցման ծախսերը: Օգնեք կանանց մնալու աշխատավայրում, մինչ նրանք համատեղում են այլ կարիքներ, ինչպիսին է, օրինակ, ընտանիքին հոգ տանելը:

Հաշվի առեք ծնողներ և խնամակալներ հանդիսացող այն աշխատակիցների՝ ճկուն աշխատանքային գրաֆիկի խնդրանքները, որոնք կցանկանային աշխատել կես դրույքով՝ ունենալով ժամային և տեղային ճկունություն:

Աշխատանքի վերցրեք վերադարձող կանանց (որոնք արձակուրդ են վերցրել իրենց ընտանիքին հոգ տանելու համար) կամ տարեց փորձառու կանանց, որպեսզի վերջիններս լրացնեն թափուր հաստիքները: Նրանք կարող են այլ ոլորտներից գիտելիքներ բերել և օգնել տարիքային հավասարակշռության և հավասարության հարցում:

Մտածեք հավասարության այլ ուղղությունների խթանման մասին, ինչպիսիք են ռասան, հաշմանդամությունը և տարիքը:

Ինչպե՞ս ընկերությունն անի այդ փոփոխությունները

Սկզբում նշեք մեկ կամ երկու ոլորտներ և աշխատեք ՄՌ-ի հետ, եթե այդպիսին առկա է, որպեսզի մշակեք դրանք ներկայացնելու քաղաքականություն: Դուք կարող եք հաշվի առնել, թե ինչպես են այլ ընկերություններ հաջողությամբ ներդրել մայրության վճարը՝ կարդալով թեմատիկ հետազոտություններ կամ խորհուրդ ստանալու նպատակով դիմելով իրավահավասարության հարցերով զբաղվող կազմակերպություններին:


Լրացուցիչ ռեսուրսներ, որոնք կարող են օգտակար լինել՝

1. ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքներն (Women’s Empowerment Principles, WEPs) առաջարկում են ռեսուրսներ՝ օգնելու ընկերություններին մշակելու հավասարության քաղաքականություն և պարունակում են թեմատիկ ուսումնասիրություններ, ոմանց իրականացրած փոփոխությունների վերաբերյալ. https://www.weps.org/resources

2. Միավորված ազգերի կազմակերպությունը գլոբալ գործողություններ է ձեռնարկում գենդերային հավասարության վերաբերյալ. այստեղ ներկայացված է Կայուն զարգացման նպատակներից 5-րդը՝ գենդերային հավասարության վերաբերյալ. https://www.un.org/sustainabledevelopment/gender-equality/

3. Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտը նպաստում է եվրոպական երկրներում առաջընթացին և օգտակար խորհուրդներ և թեմատիկ ուսումնասիրություններ ունի. https://eige.europa.eu/

4. Մեծ Բրիտանիայի Հավասարության և մարդու իրավունքների հանձնաժողովը աշխատում է գենդերային հավասարության խթանման ուղղությամբ և գործնական խորհուրդներ ունի գործատուների համար. https://www.equalityhumanrights.com/en


4. Օժանդակ տեսանյութեր՝ բոլոր լեզուներով ենթագրերով

[eun_youtube playlist=”PLNmf9BsOoY3uTg9miLAZtqtva01FpTUxk” type=”h”]
  1. Բարձրագույն ղեկավարության խորհուրդներ մուլտիմեդիա խմբագրություն կառավարելու վերաբերյալ. լրատվական բաժնի ղեկավարը խոսում է այն մասին, թե ինչ են սովորել մուլտիմեդիա ձևաչափի անցնելուց հետո խմբագրություն ղեկավարելուց:
    (Նատալյա Մումլաձե, «Պալիտրա» մուլտիմեդիա խմբագրության ղեկավար, Թբիլիսի, Վրաստան)
  2. Ինչ եմ ակնկալում իմ գործատուից և ինչու եմ նախընտրում աշխատել այստեղ. մուլտիմեդիա լրագրողը բացատրում է, թե ինչ են իրենք փնտրում աշխատանքում, և ինչն է իրենց ստիպում մրցակցային շուկայում մնալ նույն գործատուի մոտ:
    (Սալոմե Աբուլաշվիլի, մուլտիմեդիա լրագրող, Թբիլիսի, Վրաստան)
  3. Ինչպես օգուտ քաղել գենդերային հավասարությունից. քաղաքականության ավագ հետազոտողը բացատրում է, թե ինչպես ընկերությունները կարող են ավելին անել մայրության իրավունքների հարցում, և ինչու դա օգտակար կլինի նրանց, ինչպես նաև իրենց աշխատակիցների համար:
    (Դավիթ Քեշելավա, ISET-ի (Թբիլիսիի տնտեսագիտության միջազգային դպրոց) ավագ հետազոտող)
  4. Ինչպես մուլտիմեդիա դարաշրջանում ճիշտ մարդկանց աշխատանքի ընդունել. լրատվական բաժնի ղեկավարը բացատրում է, թե ինչ քաղաքականություն է պետք է ներդնել լավագույն անձնակազմը ստանալու համար, և ինչպես թվային դարաշրջանում ճիշտ մարդկանց աշխատանքի ընդունել:
    (Լիզ Գիբոնս, լրատվական բաժնի գործադիր խմբագիր, BBC-ի համաշխարհային ծառայություն, Լոնդոն, ՄԹ)
  5. Ինչպես գումար աշխատել լրագրությամբ. ավագ խմբագիրը խոսում է այն մասին, թե ինչպես է կարելի կառավարել լրագրության մոնետիզացիայի և խմբագրական վերահսկողության միջև գոյություն ունեցող հակասությունը։
    (Ֆիլիպս Լաստովսկիս, «Դելֆի» կայքի գլխավոր խմբագիր, Ռիգա, Լատվիա)
  6. Ինչպիսի՞ն կլինեն նորությունների հաջորդ 5 տարիները: Միջազգային լրատվական առաջատար կազմակերպության ավագ ղեկավարը մեզ ներկայացնում է, թե ինչ նշանակալի զարգացումներ են տեղի ունենում նորությունների ոլորտում, և ինչի վրա են կենտրոնանում ղեկավարները:
    (Դոմինիկ Բոլ, BBC News-ի խմբագրության փոխտնօրեն, Լոնդոն, ՄԹ)


Թեմատիկ հրապարակումներ

[eun_cources parent=”252988″]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,