Skip to main content
Ազդեցության ուղին. EU4Youth-ի շրջանավարտների ցանցն արժանին է մատուցում իր հինգ փուլերի մասնակիցներին
[featured_image_copyright]
7 Հուլիսի, 2025

Ազդեցության ուղին. EU4Youth-ի շրջանավարտների ցանցն արժանին է մատուցում իր հինգ փուլերի մասնակիցներին


Ի՞նչ է պատահում, երբ երիտասարդներին իրենց գաղափարներն իրագործելու հարթակ եւ աջակցություն է տրվում։ 2019 թվականից ի վեր EU4Youth-ի շրջանավարտների ցանցն ակտիվ երիտասարդներին օգնում է իրենց գաղափարները վերածել նշանակալի ազդեցության Արեւելյան գործընկերության տարածաշրջանի իրենց համայնքներում։

Շրջանավարտների ցանցը Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող ծրագրերին մասնակցություն ունեցած երիտասարդներին տրամադրում է համապատասխան հարթակ՝ ներառյալ ֆինանսական աջակցություն, հմտությունների զարգացում եւ մենթորություն՝ իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։ Ցանցի ստեղծման պահից ավելի քան 340 շրջանավարտներ ղեկավարել են շուրջ 190 նախագծեր՝ հաճախ որպես ազգային թիմեր։ Այս նախագծերը ներգրավել են ավելի քան 3,770 երիտասարդների, որոնց մեծ մասը՝ սոցիալապես անապահով խավերից։ Ամեն թվի հետեւում թաքնված է ոգեշնչվածության եւ նվիրվածության պատմություն՝ տեղական համայնքներում իրական փոփոխություններ բերելու նպատակով։

EU4Youth-ի շրջանավարտների ցանցը նշում է իր հինգերորդ տարեդարձը, եւ հիմա ժամանակն է անդրադառնալու շրջանավարտների ձեռքբերումներին եւ նրանց աշխատանքի շարունակական ազդեցությանը: Ինչպե՞ս են սկսվում շրջանավարտների կողմից ղեկավարվող այս 6-ից 8 ամիս տեւողությամբ նախաձեռնությունները: Ամեն ինչ սկսվում է այն համայնքներից, որոնց շրջանավարտները հանձնառու են աջակցել:

Կարիքների գնահատում եւ գաղափարների գեներացում

Յուրաքանչյուր շրջանավարտի նախաձեռնության հիմքում ընկած է անձնական փորձը: Բոլոր նախագծերն արտացոլում են ոչ միայն շրջանավարտների հետաքրքրություններն ու գաղափարները, այլեւ այն մարտահրավերները, որոնց իրենց համայնքներում բախվում են երիտասարդները, եւ հատկապես՝ անապահով խավերի ներկայացուցիչները: Բոլոր շրջանավարտները սերտորեն համագործակցում են այն երիտասարդների հետ, որոնց նրանք ձգտում են աջակցել՝ օգտագործելով մասնակցային մեթոդներ, ինչպիսիք են՝ խորին հարցազրույցները, ոչ ֆորմալ կրթության գործիքները եւ ներգրավված դիտարկումները: Նրանք նախաձեռնություններ են մշակում ոչ միայն իրենց շահառուների համար, այլեւ՝ նրանց հետ միասին։

Այս գործընթացի կարեւոր բաղադրիչն է IdeaLab-ը՝ տարեկան միջոցառում, որտեղ տարածաշրջանի տարբեր երկրներից շրջանավարտները համախմբվում են՝ գաղափարներ փոխանակելու, մենթորներից եւ գործընկերներից սովորելու եւ իրենց նախագծերը համատեղ զարգացնելու համար։ Ինչպես բացատրում է մոլդովական ցանցի մենթոր Իգոր Չյուրեան, մենթորները խուսափում են պատրաստի նախագծի մոդելներ առաջարկելուց։ Փոխարենը՝ նրանք «խրախուսում են մասնակիցներին գնահատել իրենց համայնքի կարողությունները, կարիքները եւ հետաքրքրությունները եւ դրանց հիման վրա զարգացնել սեփական նախագծերը»։ Ահա թե ինչպես է ցանցը կարողացել ստեղծել նախաձեռնությունների այդքան լայն շրջանակ:

Գաղափարից՝ դեպի ազդեցություն

Շրջանավարտների կողմից նախաձեռնված նախագծերը բազմազան են թե՛ ձեւաչափով, թե՛ ուղղվածությամբ: Թեեւ շատ նախաձեռնություններ բնույթով կրթական են, դրանք ներառում են նաեւ ստեղծարար եւ համայնքաստեղծ միջոցառումներ, ինչպիսիք են կինոդիտումները, խաղերը, էքսկուրսիաները եւ բացօթյա միջոցառումները: Իսկ երբ շրջանավարտները որոշում են զբաղվել ավելի բարդ խնդիրներով, ինչպիսիք են միայնակ մայրերի, ազատազրկված երիտասարդների կամ մանկատներում ապրող երեխաների հետ աշխատանքը, փոխազդեցության միջոցները հարմարեցվում են այդ կոնկրետ կարիքներին:

EU4Youth-ի շրջանավարտների ցանցի նախաձեռնությունների մեծ մասը բաժանվում է չորս հիմնական թեմաների, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է իրենց համայնքներում երիտասարդների բազմազան հետաքրքրություններն ու կարիքները: Օրինակ՝ «Girl Power 2.0»-ի (Վրաստան) կամ «Book Yourself»-ի (Ադրբեջան) նման նախաձեռնությունները կենտրոնանում են ապագայի հմտությունների զարգացման վրա, ինչպիսիք են առաջնորդությունը, հաղորդակցությունը եւ թվային գրագիտությունը: Մյուսները նպատակ ունեն կառուցել ավելի ուժեղ համայնքներ՝ կամավորության, մշակութային միջոցառումների եւ քաղաքացիական երկխոսության միջոցով: Հայաստանում շրջանավարտները միավորել են երիտասարդ եզդիներին եւ հայերին՝ փոխըմբռնումը խթանելու եւ սոցիալական համերաշխությունն ամրապնդելու համար:

Քաղաքացիական մասնակցության թեման կարմիր թելի նման անցնում է բազմաթիվ նախաձեռնությունների միջով, որոնց շրջանակներում շրջանավարտներն աշխատում են լսելի դարձնել երիտասարդներին եւ խթանել որոշումների կայացման գործընթացներում նրանց բովանդակային ներգրավվածությունը: «Երիտասարդական ակումբ» նախագիծը (Ուկրաինա) ստեղծել է անվտանգ տարածք, որտեղ երիտասարդները կարող են իմանալ քաղաքացիական գործընթացների մասին եւ ակտիվ դեր խաղալ իրենց համայնքների ձեւավորման գործում: Վերջապես, մի ​​շարք նախաձեռնություններ կենտրոնանում են ԵՄ արժեքների, այդ թվում՝ ժողովրդավարության, սոցիալական ներառման, համերաշխության եւ խաղաղաշինության խթանման վրա:

Համայնքի դեմքերը. չեմպիոն շրջանավարտներ

Բազմաթիվ շրջանավարտներ վերադառնում են ցանց՝ իրենց ազդեցությունն ընդլայնելու, առաջնորդական հմտությունները խորացնելու կամ իրենց համայնքին աջակցելու համար: Նրանց մեծ մասը բարձր է գնահատում այն տարածքն ու աջակցությունը, որ տրամադրվում է նոր նախաձեռնություն իրականացնելու կամ առկա նախագիծը նոր մակարդակի հասցնելու համար: Վերադարձող շրջանավարտների տեսակարար կշիռը տարածաշրջանում տարբեր է. օրինակ՝ Հայաստանում եւ Ադրբեջանում յուրաքանչյուր նոր խմբի կեսից ավելին վերադարձող մասնակիցներ են:

Որոշ շրջանավարտներ վերադառնում են նույնիսկ նոր դերերում՝ որպես մենթորներ կամ տարածաշրջանային միջոցառումների համակարգողներ ու ղեկավարներ: Վրաստանից Արչիլ Ցուլայան, որը միացել է որպես մասնակից եւ հետագայում դարձել մենթոր, նշում է. «Ինձ համար շրջանավարտների ցանցը միջոց է կապ պահպանելու այն մարդկանց, գաղափարների եւ փորձի հետ, որոնք օգնել են ինձ աճել: Այն կամրջի նման է, որը կապում է մեր մեկնարկի կետը եւ մեր նպատակակետը»:

Դինամիկ եւ հարափոփոխ աջակցության համակարգ

Ի սկզբանե ցանցը զարգացել է շատ դժվարին պայմաններում. ՔՈՎԻԴ-19 համավարակ, քաղաքական եւ սոցիալական հուզումներ, տարածաշրջանի երկրների միջեւ զինված հակամարտություններ, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած լայնածավալ պատերազմ եւ տարածաշրջանային ու գլոբալ այլ մարտահրավերներ։

Այնուամենայնիվ, ծրագիրը կարողացավ դիմակայել փորձություններին եւ հարմարվել իրավիճակին։ Շրջանավարտներն ու մենթորներն արագորեն հարմարվեցին եւ անհրաժեշտության դեպքում փոխեցին իրենց մոտեցումները՝ վերափոխելով գործունեությունը առցանց ձեւաչափի, փորձարկելով նոր գործիքներ, արագորեն բացահայտելով համայնքի փոփոխված կարիքները կամ նույնիսկ վերսկսելով նախաձեռնությունները զրոյից: Նման հզոր օրինակ է Ուկրաինայում իրականացված «Կարել՝ գոյատեւելու համար» նախաձեռնությունը, որտեղ պատերազմի սկսվելուց հետո երկու շրջանավարտ վերաիմաստավորեցին իրենց նախագիծը՝ հնարավորություն տալով երիտասարդներին աջակցել իրենց համայնքին եւ միաժամանակ ձեռք բերել գործնական հմտություններ:

Շրջանավարտների ցանցի համակարգող Մաքս Պիեւսկին այսպես է բացատրում. «Ցանցի դիմակայունության գրավականը դրա կառուցվածքն է. մենթորները անհատական ​​մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր շրջանավարտի նկատմամբ՝ արձագանքելով յուրաքանչյուր նախաձեռնության կոնկրետ կարիքներին, իսկ շրջանավարտները, իրենց հերթին, անմիջական կապ են պահում իրենց համայնքների հետ»։ Սա ստեղծում է ամուր եւ վստահելի հիմք՝ ապագա միջոցառումների եւ շարունակականության համար։

Տեւական ազդեցություն. շրջանավարտի ուղին՝ ծրագրից հետո

Շրջանավարտներից շատերի համար համայնքային ակտիվությունը չի ավարտվում այս ծրագրով. այն հաճախ զուտ մեկնարկային կետ է։ Նախկին մասնակիցները միանում են տեղական ՀԿ-ներին, միջազգային ցանցերին, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող շարժունակության ծրագրերին։ Նրանք նաեւ ստանձնում են առաջնորդների, ֆասիլիտատորների, մենթորների կամ երիտասարդական աշխատողների դերեր կրթության, կրթաթոշակային ծրագրերի, հանրային քաղաքականության եւ երիտասարդական կազմակերպությունների ոլորտներում։

Օրինակ՝ Մոլդովայից նախկին շրջանավարտ Քրիստիան Վեզիրը ներկայումս Մոլդովայի Ազգային երիտասարդական խորհրդի նախագահն է, մինչդեռ այլ նախկին շրջանավարտներ, ինչպես Գրիգորե Ռինյան, նույնպես ներգրավված են Խորհրդի կազմում՝ տարբեր դերերում: Ռեզիդա Ռզաեւան հիմնադրել է «Ադրբեջանի 100 աղջիկներ» նախաձեռնությունը, որը ստացել է ազգային ճանաչում, ինչպես նաեւ միջազգային հրավերներ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի SDG4YOUTH ցանցի «Կրթության փոխակերպման գագաթնաժողով 2022» միջոցառմանը, ինչն էլ ավելի է ուժեղացրել դրա ազդեցությունը:

Ցանցի ուժը դուրս է գալիս անհատական ​​զարգացման սահմաններից. այն դռներ է բացում տարածաշրջանային համագործակցության եւ տեւական գործընկերությունների համար: Օրինակ՝ Հայաստանում ցանցն ամրապնդել է տեղական կապերը եւ խթանել համագործակցությունը Ռազմիկ Մնացականյանի գլխավորած «Միավորող կամուրջ» ՀԿ-ի շուրջ: Անահիտ Բաբկենյանի եւ Քրիստինե Հովհաննիսյանի նման շրջանավարտները համատեղ նախաձեռնություններ են սկսել Ռազմիկի հետ, մի քանի այլ հասակակիցներ էլ միացել են ՀԿ-ին: «Ինձ համար EU4Youth-ի շրջանավարտների ցանցը նշանակալի դեր է խաղացել՝ որպես երիտասարդական աշխատող եւ քաղաքացիական հասարակության կազմակերպության ղեկավար: Ես հանդիպեցի իմ մենթորին, ձեռք բերեցի ընկերներ, որոնք դարձան գործընկերներ, եւ կառուցեցի գործընկերություններ, որոնք օգնում են ինձ աճել», նշում է Ռազմիկը:

Հայացք դեպի ապագա

EU4Youth ծրագրի շրջանակներում շրջանավարտների եզրափակիչ շրջափուլը մեկնարկել է 2024 թվականի հոկտեմբերին՝ ողջունելով 60 մոտիվացված շրջանավարտներից բաղկացած խմբին, որոնք 2025 թվականի ընթացքում սկսել են իրենց երիտասարդական նախաձեռնությունների իրականացումը: EU4Youth-ի շրջանավարտների ցանցի եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա հուլիսի 12-ից 14-ը: Այն կնշանավորի ոչ միայն ցանցի հինգերորդ փուլի ավարտը, այլեւ արժանին կմատուցի հինգ խմբերից յուրաքանչյուրին՝ նշելով նրանց նվաճումներն ու քաղած դասերը, ինչպես նաեւ կմիավորի Արեւելյան գործընկերության տարածաշրջանի շրջանավարտներին եւ մենթորներին:

Չնայած շրջանավարտների ցանցի գործունեությունը կարող է դադարել, դրա ազդեցությունը կշարունակվի։ Ցանցի միջոցով ձեռք բերված հմտությունները, համայնքը եւ գործընկերությունները կշարունակվեն, քանի որ շրջանավարտները շարունակում են կառուցել ավելի ուժեղ, ավելի ներառական համայնքներ ամբողջ տարածաշրջանում։



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,