Skip to main content
Եվրոպական խորհրդարանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթացը
[featured_image_copyright]
18 Օգոստոսի, 2025

Եվրոպական խորհրդարանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթացը


Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան անդամները ջերմորեն ողջունել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ հովանու ներքո կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները։ Մասնավորապես, նրանք ընդգծել են «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի նախաստորագրումը, ինչպես նաեւ երկու երկրների ղեկավարների համատեղ հռչակագիրը, որն ուրվագծում է երկարատեւ խաղաղության հասնելու հետագա քայլերը։

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների վճռականությունը՝ դադարեցնելու տասնամյակներ տեւած հակամարտությունը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների նշանակալի ներդրումը այս դրական արդյունքին հասնելու գործում՝ հիմնվելով վերջին տարիների բանակցությունների վրա, այդ թվում նրանց, որոնք միջնորդավորված են եղել ԵՄ-ի կողմից։ Կարեւոր է, որ գործընթացը շարունակվի՝ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմամբ եւ վավերացմամբ», — ասվում է օգոստոսի 11-ին հրապարակված հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ երկու երկրների միջեւ միջպետական, երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար հաղորդակցության բացման վերաբերյալ քաղաքական համաձայնությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության հարգման վրա, մեծ առաջընթաց է։ «Մենք նկատում ենք Հայաստանի մտադրությունը՝ համագործակցել Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար որոշված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի հարավային տարածքով անցնող երթուղու զարգացման եւ կառավարման հարցում, եւ ողջունում ենք ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ ներդրումներ իրականացնելու այս ուղղությամբ», — նշվում է հայտարարության մեջ։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները նշել են, որ Թուրքիայի կառուցողական ներգրավվածությունը անփոխարինելի դեր կունենա այս առաջընթացի ամբողջական ներուժն իրագործելու համար։ «Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը՝ աջակցել այս դրական զարգացումներին՝ փոխադարձաբար պատասխանելով Հայաստանի պատրաստակամությանը հարաբերությունների կարգավորման եւ հայ-թուրքական սահմանի բացման հարցում՝ ելնելով երկու երկրների եւ ավելի լայն տարածաշրջանի շահերից», — ասվում է հայտարարության մեջ։

Նրանք նաեւ ողջունել են առաջնորդների աներկբա հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը, ինչպես նաեւ միջազգային սահմանների անխախտելիության եւ ուժի կիրառմամբ տարածքների նվաճման անթույլատրելիության սկզբունքներին՝ հավելելով․ «Մենք վստահ ենք, որ սա կբերի հետագա առաջընթացի սահմանազատման գործընթացում եւ մոտ ապագայում Ադրբեջանի զորքերի լիարժեք դուրսբերմանը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Մենք նաեւ ընդգծում ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայության հարցերի լուծման անհրաժեշտությունը»։

Հայտարարությունը հրապարակվել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (ԵԽԱՀՀ) նախագահի, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավարի, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարի, ինչպես նաեւ ԵԽԱՀՀ-ի Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողների անունից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,