Հասարակական կարծիքի հարցման արդյունքները վկայում են Հայաստանում Եվրոպական միության նկատմամբ աճող վստահության մասին
Հայաստանում 2025 թվականին անցկացված հասարակական կարծիքի ամենամյա հարցման արդյունքների համաձայն՝ երկրի քաղաքացիների վաթսունինը տոկոսը վստահում են Եվրոպական միությանը։ Այս ցուցանիշն ավելի բարձր է, քան ցանկացած այլ միջազգային դերակատարի պարագայում, եւ յոթ տոկոսային կետով ավելի է, քան նախորդ տարի արձանագրվածը։ Միեւնույն ժամանակ, հինգ հարցվածներից գրեթե չորսը (79%) Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները դրական են գնահատում։
Հարցումն անցկացվել է 2025 թվականի մայիսին՝ ներառելով 1000-ից մի փոքր ավելի մարդկանց ներկայացուցչական ընտրանքի հետ դեմ առ դեմ հարցազրույցներ երկրի ողջ տարածքում։ Հասարակական կարծիքի հարցումները ամեն տարի անցկացվում են «EUNEIGHBOURS east» ծրագրի կողմից՝ Հայաստանում եւ Արեւելյան գործընկերության մյուս հինգ երկրներում՝ սկսած 2016 թվականից։
Այս տարվա հարցումը նաեւ ցույց տվեց, որ հայաստանցիների 86%-ը տեղյակ են ԵՄ-ի կողմից իրենց երկրին տրամադրվող ֆինանսական աջակցության մասին (այս ցուցանիշն անցյալ տարվա համեմատ վեց տոկոսային կետով ավելի է եւ ամենաբարձրն է հարցումների անցկացման սկսվելուց ի վեր), ընդ որում՝ 48%-ն այն կարծիքին են, որ այդ աջակցությունն արդյունավետ է եղել։
Հարցվածների գրեթե կեսը (47%) դրական պատկերացում ունեն ԵՄ-ի մասին, մինչդեռ բացասական պատկերացում ունեցողները կազմում են ընդամենը 9%, իսկ 38%-ն էլ չեզոք են տրամադրված։
Հայաստանցիների մեծ մասը (51%) կցանկանային, որ ԵՄ-ն ավելի մեծ դերակատարում ունենա երկրի պաշտպանության ամրապնդման գործում, մինչդեռ 26%-ը կցանկանային ավելի մեծ աջակցություն առողջապահության ոլորտում, իսկ 23%-ը՝ կրթության։
Հարցումը նաեւ պարզել է, որ Հայաստանում ինչպես ավանդական, այնպես էլ սոցիալական մեդիաները ԵՄ-ի մասին, ընդհանուր առմամբ, դրական (42%՝ ավանդական մեդիաներ, 46%՝ սոցիալական մեդիաներ) կամ չեզոք (37/28%) պատկերացում են փոխանցում։
Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու դիմումի վերաբերյալ հարցին 45%-ը պատասխանել են, որ կաջակցեն այդպիսի դիմումին: ԵՄ անդամակցության վերաբերյալ ենթադրյալ հանրաքվեի դեպքում հարցվածների 49%-ը կքվեարկեին կողմ, իսկ 14%-ը՝ դեմ:
Իմացիր ավելին
Ամենամյա հարցում 2025 – Հայաստան. տեղեկաթերթ
Ամենամյա հարցում 2025 – Հայաստան. ազգային զեկույց
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]