Անվճար կրթաթոշակներ՝ Թբիլիսիի Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցում 2025-2027 ուսումնական տարիներին ուսանելու համար. վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ ապրիլի 15-ը
Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցի 2025-2027 ուսումնական տարիների համար նախատեսված հայտամրցույթը երկարաձգվում է մինչեւ ապրիլի 15-ը: Մրցույթը մեկնարկել է «Վրաստանում Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոց» ծրագրի եւ Թբիլիսիի Նոր դպրոցի (Վրաստան) կողմից՝ Եվրոպական միության եւ Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate) աջակցությամբ:
Այժմ հայտերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 15-ն է։
Դիմելու իրավասություն ունեն Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից այն ուսանողները, որոնք 2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կլինեն 16-17 տարեկան։
Մրցութային ժյուրին կընտրի 25 մասնակից, ովքեր կստանան լիարժեք կրթաթոշակ Միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմային ծրագրում սովորելու համար: Ծրագիրը երիտասարդների առջեւ բացում է կարիերայի հնարավորություններ մի շարք ոլորտներում, ներառյալ՝ տնտեսագիտություն, կենսաքիմիա, ճարտարագիտություն, ֆիզիկա, սոցիալական գիտություններ, արվեստ եւ մշակույթ, հաղորդակցություն եւ մեդիա, միջազգային հարաբերություններ եւ գլոբալ հարաբերություններ, բժշկություն, իրավունք, ազատ արվեստներ եւ համակարգչային գիտություն:
Կրթաթոշակը ծածկում է ուսման վարձը, ինչպես նաեւ Թբիլիսիում կեցության եւ սննդի, դպրոցական արձակուրդների ժամանակ Թբիլիսիի եւ բնակության վայրի միջեւ երկկողմանի ճանապարհորդության, տեղական տրանսպորտի, բժշկական ապահովագրության, դասընթացների նյութերի եւ էքսկուրսիաների ծախսերը:
Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոց» ծրագիրը նպատակ ունի խթանել միջնակարգ կրթության հնարավորությունները ԵՄ Արեւելյան գործընկերության վեց երկրների ուսանողների համար: Ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է 2018 թվականին եւ գործում է արդեն վեցերորդ տարին:
2025-2027 ուսումնական տարիների կրթաթոշակառուների ցանկը կհրապարակվի 2025 թվականի հունիսի երկրորդ կեսին։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]