«Բազմաթիվ տարեց մարդիկ մեզ արդեն իրենց ընտանիքն են համարում»․սոցիալ-հոգեբանական, իրավական և բժշկական աջակցություն տարեցներին Հայաստանում
Հայաստանում ծերությունը ուղեկցվում է բազմաթիվ դժվարություններով․ ցածր կենսամակարդակ, սոցիալական մեկուսացում և առողջապահական ծառայությունների սահմանափակ հասանելիություն, հատկապես միայնակ տարեցների համար։ Հակամարտության հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված տարեցները բախվում են էլ ավելի լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են մշտական բնակավայրի, աշխատատեղերի բացակայությունը և կենսական ծառայությունների անհասանելիությունը։
Սյունիքի մարզի Գորիս համայնքում գործող «Համագործակցության կամար» հասարակական կազմակերպությունն իր գործունեությամբ հնարավորություններ է ստեղծում՝ հանգեցնելով իրական փոփուխությունների: ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ գործող «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության ծրագրի շրջանակում, «Համագործակցության կամար» ՀԿ-ն նախաձեռնել է տարեցների խնամքի ծրագրեր՝ 37 տարեց անձանց տրամադրելով ոչ միայն աջակցություն, այլև տալով հույսի և ապահովության զգացում։
«Համագործակցության կամար» հասարակական կազմակերպությունն արդեն ավելի քան 30 տարի աշխատում է տարեցների և խոցելի խմբերի հետ։ Գործունեության սկզբնական շրջանում կազմակերպությունը տրամադրում էր սնունդ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ միայն սննդի ապահովումը բավարար չէ։ Տարեց մարդիկ կարիք ունեն սոցիալական և հոգեբանական աջակցության, բժշկական խնամքի, ինչպես նաև մի միջավայրի, որտեղ նրանք կարող են շփվել: ԵՄ-ի ֆինանսավորմամբ հիմնվեց ցերեկային խնամքի կենտրոնը, որը համայնքի տարեց բնակիչներին, այդ թվում՝ տեղահանվածներին, տրամադրում է համալիր ծառայություններ, ինչպիսիք են բժշկական խորհրդատվությունը, հոգեբանական աջակցությունը, ժամանցը, միջոցառումներին մասնակցությունը և անհատական խնամքը (հիգիենա, հագուստի նորոգում և այլն)։ «Մեր նպատակն է ապահովել տարեցների արժանապատիվ ծերությունը և օգնել նրանց վերագտնել կյանքի իմաստն ու նպատակը», – նշում է Կարինեն։
Ցերեկային կենտրոնը տրամադրում է անհատականացված խնամք` առողջության շարունակական վերահսկողության միջոցով։ Շահառուները ստանում են բժշկական խորհրդատվություն՝ թերապևտի և ակնաբույժի կողմից, ինչպես նաև շարունակական աջակցություն կենտրոնի բուժքրոջ կողմից, ով օգնում է վերահսկել տարեցների ինքնազգացողությունը։ Բացի այդ, մի քանի շահառուների համար իրականացվել է հնգօրյա աղաթերապիայի կուրս, որը նպաստել է նրանց մոտ ալերգիկ ռեակցիաների նվազմանը, քրոնիկ հիվանդությունների ռիսկի նվազեցմանը և շնչառական օրգանների ֆունկցիոնալ բարելավմանը։
Կենտրոնում հոգեբանական աջակցությունը նույնպես առաջնահերթություն է։ Անհատական և խմբային հանդիպումները մեծապես օգնել են հաղթահարել սոցիալական մեկուսացումը, դեպրեսիան, սթրեսը՝ նպաստելով տարեցների ինքնզգացողության բարելավմանը, ինչպես նաև մտավոր ակտիվության խթանմանը՝ մանր մոտորիկայի վարժությունների միջոցով։
«Մեր աշխատանքի իրավական բաղադրիչը ներառում է շահառուների խորհրդատվություն կենսաթոշակների, սոցիալական աջակցության ծրագրերի և ֆինանսական օգնության հարցերի շուրջ», – հավելում է Կարինե Ավետիսյանը։
Կենտրոնում սոցիալական միջոցառումները տարեցների համար ուրախության, հաղորդակցման և իրավազորման կարևոր պահեր են։ Մշակութային էքսկուրսիաները, ինչպիսիք են նշանավոր հայ գրողներ Ակսել Բակունցի և Սերո Խանզադյանի տուն-թանգարաններ այցելությունները, հնարավորություն են տվել խորացնել մասնակիցների մշակութային գիտելիքներն ու գնահատանքը։ Համատեղ տոնակատարությունները, ինչպիսիք են Ս․ Հարության տոնը (Զատիկը), Տարեցների միջազգային օրը, Մայրության օրը և այլ տոները, հիանալի հնարավորություն էին ստեղծում սոցիալական շփման, կապերի ամրապնդման և հիշողությունների փոխանակման համար։
76-ամյա Ջեմմա Գոգորյանը, ով տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից, մխիթարություն է գտել կենտրոնում և նոր ծանոթություններ հաստատել։ «Տարիներ շարունակ ինձ մենակ ու մոռացված էի զգում։ Բայց այստեղ ես նոր ընկերներ գտա, բժշկական զննություն անցա և մասնակցեցի սոցիալական միջոցառումների։ Կրկին կարևոր ու գնահատված եմ զգում», – խոստովանում է նա։ Տեղահանված մեկ այլ շահառու՝ Սպարտակ Աբրահամյանը, կիսվեց իր նմանատիպ փորձառությամբ․ «Ես ապրում եմ միայնակ և չունեմ բավարար կենցաղային պայմաններ, ուստի սննդի աջակցությունն ինձ համար կենսական նշանակություն ունի։ Բայց դրանից զատ, կենտրոնի սոցիալական միջոցառումները՝ անտառային էքսկուրսիաներն ու տոնակատարությունները, օգնեցին ինձ կրկին վերադառնալ կյանքին։ Ամանորի միջոցառումը անմոռանալի էր․ այն վերակենդանացրեց մանկության հիշողությունները և զգացի, որ իմ մասին իսկապես հոգ են տանում»։
Այն տարեցներին, ովքեր հնարավորություն չունեն այցելել Ցերեկային կենտրոն, «Համագործակցության կամար» հասարակական կազմակերպությունը տրամադրել է տնային խնամքի ծառայություններ։ Կազմակերպության թիմը՝ սոցիալական աշխատողը, հոգեբանը, բուժքույրը և խնամակալ օգնականները, աջակցել են 16 շահառուների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հինգ տարեցների։ Թիմը տրամադրել է աջակցություն առօրյա գործերում, ինչպիսիք են մաքրությունը, ճաշ պատրաստելը կամ մթերքների գնումը, ինչպես նաև, ինչն առավել կարևոր է, տարամադրել են հոգեբանական և հուզական աջակցություն։ «Մեր թիմը ստեղծեց մի միջավայր, որտեղ տարեցները զգում են, որ իրենց ձայնը լսելի է և իրենք գնահատված են», – ասում է սոցիալական աշխատող Կարինե Տատինցյանը։ «Շատ տարեցներ՝ հատկապես միայնակ ապրողները, սկսեցին մեզ ընդունել իրենց ընտանիքի անդամների պես։ Նրանց համար մենք պարզապես սոցիալական աշխատողներ կամ խնամակալներ չէինք, այլ մարդիկ, որոնց կարող էին պատմել իրենց կյանքի պատմությունները, ուրախությունները և դժվարությունները»։
Տնային խնամքի ծառայությունները կարևոր դեր են խաղացել Գորիսի համայնքային կյանքում՝ ապահովելով աջակցություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին։ ԵՄ-ի աջակցությունը զգալիորեն հզորացրել է նաև «Համագործակցության կամար» ՀԿ-ի վարչական և ֆինանսական կարողությունները՝ հնարավորություն տալով ստանալ պետական ֆինանսավորում։ Արդյունքում, նույնիսկ ԵՄ-ի ֆինանսավորման ավարտից հետո, «Համագործակցության կամար» հասարակական կազմակերպությունը շարունակում է տարեցների խնամքը պետական դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Գորիսի համայնքապետարանի կողմից։ Այս նախաձեռնությունը վառ օրինակ է պետության, համայնքային իշխանությունների և հասարակական կազմակերպությունների հաջող համագործակցության՝ տարեցների բարեկեցության ապահովման նպատակով։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես օրինակ «Համագործակցության կամար» հասարակական կազմակերպության, մասնակցությունը կարևոր դեր է խաղում սոցիալական նախաձեռնություններում։ Տեղական հասարակական կազմակերպություններն ավելի սերտ կապ ունեն այն համայնքների հետ, որոնց նրանք ծառայում են և ավելի խորությամբ են հասկանում խոցելի խմբերի՝ հատկապես տարեցների առջև ծառացած մարտահրավերները։ Հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակ լինելը՝ երբեմն հնարավոր չի լինում ամբողջությամբ հասցեագրել բոլոր սոցիալական խմբերի բազմազան կարիքներն իրականացնող պետական ծրագրերի միջոցով, ուստի, հասարակական կազմակերպությունները լրացնում են այդ բացերը՝ տրամադրելով հավելյալ ծառայություններ, ինչպիսիք են անհատական հոգեբանական աջակցությունը, մասնագիտական վերապատրաստումները, սոցիալական ներառման ծրագրերը և այլն։ Նրանց ներգրավվածությունն ապահովում է ավելի մարդակենտրոն և ամբողջական մոտեցում՝ ստեղծելով միջավայր, որտեղ տարեցները զգում են աջակցություն, ներգրավվածություն և հնարավորություն՝ իրենց կյանքն արժանապատվորեն ապրելու համար։
Հեղինակներ՝ Վոլհա Պրոխարավա, Քրիստինե Հովհաննիսյան
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]




