Skip to main content
Ճեղքելով պատնեշները. Աննա Հովհաննիսյանի կայացման ուղին
[featured_image_copyright]
4 Ապրիլի, 2025

Ճեղքելով պատնեշները. Աննա Հովհաննիսյանի կայացման ուղին


«Միջազգային հարաբերությունները նպատակը չէր. վերջնական նպատակը որոշումների կայացման գործընթացների վրա ազդելն էր», — զրույցը սկսում է Նատոլինի Եվրոպայի քոլեջի 2023 թվականի շրջանավարտ Աննա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր ուղուն:

Աննան մանկուց երազել է դերասանուհի դառնալ։ Սերելով բժիշկների և ակադեմիկոսների ընտանիքից՝ ակնկալիք կար, որ նա նույնպես գնա այդ ճանապարհով։ Հայաստանում հանրային ընկալումները, որ որոշ կերպարներ «անպատշաճ» են կանանց համար, ստիպեցին նրան հրաժարվել իր ձգտումներից։ Սա միայն ուժեղացրեց Աննայի չհանձնվելու վճռականությունը, թեև նա ի վերջո որոշեց չզբաղվել դերասանությամբ:

«Կարծրատիպերը, որոնց առերեսվեցի անձամբ, բացեցին աչքերս հասարակության մեջ կանանց դերի ավելի լայն խնդրի վրա: Ես ուզում էի լինել մեկը, ով կարող է ազդել դրանց փոփոխության վրա, օգնել ուրիշներին լսելի դարձնել իրենց ձայնը և ձևավորել սեփական ապագան»,— բացատրում է Աննան: Երիտասարդների և համայնքային ծրագրերի հետ նրա վաղ աշխատանքը սկսվեց հենց շահերի պաշտպանության գաղափարով՝ մղելով նրան դեպի ապագա, որտեղ կարող էր աջակցել ուրիշներին, հատկապես՝ կանանց և երիտասարդներին:

Երբ Աննան մոտենում էր միջմշակութային հաղորդակցությունների ուղղությամբ բակալավրիատի ավարտին՝ մասնագիտության ու կարիերայի շուրջ մտորումների մեջ էր: Աշխատանքով, ուսումնասիրություններով և կամավորական աշխատանքով լի բուռն գրաֆիկը նրան դրդեց փնտրել ավելի մեծ կրթական հնարավորություններ: Ոգեշնչվելով Եվրոպայի քոլեջի շրջանավարտ Անժելա Մնացականյանից՝ Աննան համարձակություն հավաքեց դիմելու EU4Youth կրթաթոշակին: Այս պահը շրջադարձային պահ եղավ նրա կյանքում՝ ձգտումները  վերափոխելով իրական ու հասանելի նպատակների:

«Մասնագիտական ​​առումով ես ցանկանում էի փոխել կարիերաս: Ինձ միշտ մղել են ավելին անելու և երբեք չբավարվելու ձեռքբերածով, ուստի ինձ պետք էր մի բան, որը համահունչ կլիներ իմ ներքին հավակնություններին: Եվրոպայի քոլեջը թվում էր կատարյալ վայր, որը կօգներ ինձ աճել և հասնել իմ նպատակներին»,— շարունակում է Աննան՝ անդրադառնալով ունեցած մտքերին։

Մասնագիտական հավակնությունների հետ մեկտեղ նա ձգտում էր անձնական աճի և բազմազան հեռանկարների: Տարբեր ծագում ունեցող ուսանողների հետ ապրելն ու սովորելը կընդլայներ նրա աշխարհայացքը, և այս կրթաթոշակը նրան տվեց այդ հնարավորությունը:

Ինտենսիվ շրջան Նատոլինում

Եվրոպայի քոլեջում իր փորձը բնութագրելով որպես «ինտենսիվ»՝ Աննան ընկղմվեց ակադեմիական խիստ միջավայրում: Ուսումնական բարդ ծրագիրը և բազմազան մշակութային իրադարձությունները ոչ միայն հարստացրեցին նրա հասկացողությունը միջազգային հարաբերությունների մասին, այլև նպաստեցին անձնական որակների զարգացմանը, մասնավորապես՝ առաջնահերթությունների և կապերի հաստատման հարցում: Պրոֆեսորների և փորձագետների հետ շփումները մեծապես նպաստեցին միջազգային հարաբերությունների ընկալմանը:

Չնայած բազմաթիվ առավելություններին՝ Աննան բախվեց նաև մարտահրավերների։ «Բաց գրքի քննություններն ինձ ցնցեցին։ Քննության ժամանակ կարող էինք օգտվել համացանցի հասանելիությամբ նոթբուքներից և գրքերից, ինչն արգելված է Հայաստանի կրթական հաստատություններում»,— նշում է Աննան։ Նրա արձանագրած մյուս հիմնական տարբերությունը առաջադրված հարցերի բնույթն էր. մինչ հայկական կրթությունը կենտրոնացած էր «ի՞նչ և ե՞րբ դա տեղի ունեցավ»-ի վրա, եվրոպական մոտեցումը ձգտում էր հասկանալ «ինչու՞ և ինչպե՞ս դա տեղի ունեցավ»։ Առաջինը շեշտը դնում էր զուտ գիտելիքի վրա, իսկ երկրորդը՝ խթանում քննադատական ​​մտածողությունը:

Նոր կրթության լույսի ներքո՝ Աննայի թեզը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որի ղեկավարը դեսպան Թոմաս Մայր-Հարթինգն էր, դարձավ իր ակադեմիական ճանապարհի կարևոր անկյունաքար: «Ես կարող էի ցանկացած թեմա ընտրել, բայց ուզում էի, որ իմ երկրին սերտ առնչություն ունենա»,— ընդգծում է Աննան։

Այնուամենայնիվ, թեման բարդ էր։ Մի կողմից նրան անհրաժեշտ էր զրոյից լայնածավալ հետազոտություն անել, մյուս կողմից՝ պետք է չեզոքություն պահպաներ։

Դեսպան Մայր-Հարթինգի հետ համագործակցությունը նրան թույլ տվեց թեմային  մոտենալ քննադատական ​​և գիտական ​​ոսպնյակով: Թեզը գրվեց գիտական հետազոտությունն անձնական աճի հետ համատեղելու փորձառության արդյունքում՝ մեծապես օգնելով հասկանալ իր ինքնության համար կարևոր այս հակամարտությունը:

«Հաշվի առնելով հակամարտության և Հայաստանի մասին տեղեկացվածության ցածր մակարդակը՝ թեզը և Նատոլինում անցկացրած ժամանակն օգտագործեցի իմ երկրի մասին խոսելու և մեր մշակույթը ներկայացնելու համար»,— շարունակում է Աննան։

Նպատակով տուն վերադառնալը

Աննայի վերադարձը Հայաստան սեփական համայնքին նպաստելու գիտակցված որոշում էր: Զինված նոր գիտելիքներով և հմտություններով՝ իր կարիերան սկսեց որպես ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր՝ կրթությունն օգտագործելով ի նպաստ Հայաստանի տնտեսական զարգացման։

«Առանց այս հնարավորության ես չէի կարողանա այդքան կտրուկ փոխել իմ կարիերայի ուղղությունը կամ բարձրացնել իմ դիրքերը: Այժմ, որպես ներդրումների խթանման և արտաքին հարաբերությունների մենեջեր, ես ամեն օր առնչվում եմ դիվանագիտական ​​և տնտեսական բարդ հարցերի հետ։ Այս ամենին չէի կարող հասնել միայն լեզվաբանության իմացության շնորհիվ», — ամփոփում է Աննան:

Նատոլինի փորձը և կրթաթոշակը ոչ միայն ձևավորեցին նրա ներկայիս աշխատանքը, այլև դռներ բացեցին հետագա հնարավորությունների համար: Ձեռքբերած հմտություններն ու գիտելիքները գործիքներ են, որոնք նա նախատեսում է օգտագործել իր կարիերայում առաջխաղացման համար, հավանաբար՝ քաղաքականության կամ դիվանագիտության մեջ:

Հզորացման ժառանգություն

Այժմ Աննան դեսպան է՝ նվիրված Նատոլինի Եվրոպայի քոլեջի ապագա դիմորդներին ոգեշնչելուն: Նրա համար կրթության իրական արժեքը հավակնությունների և հասարակության փոփոխությանը նպաստելու ցանկության մեջ է: «Գիտակցումը, որ ինչ-որ իմաստալից բանի եմ հասել, իմ ամենամեծ պարգևն է», — հպարտությամբ նշում է նա:

Աննա Հովհաննիսյանի անցած ճանապարհը կրթության և շահերի պաշտպանության ոլորտում փոխակերպող ուժի հզոր վկայությունն է։ Դերասանուհի դառնալու երազանքից մինչև սեփական համայնքում իրական փոփոխություններ բերող՝ նրա պատմությունը մարմնավորում է ճկունություն և վճռականություն: Կիսվելով իր փորձառություններով՝ Աննան ոչ միայն ոգեշնչում է ուրիշներին ազատվել հասարակական կարծրատիպերից, այլ նաև պաշտպանում է կրթության կարևորությունը՝ կանանց և երիտասարդների համար ավելի պայծառ ապագա ձևավորելու գործում:

«Առաջ վճարելու սկզբունքը միշտ ինձ հետ է։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկին քաջալերում եմ գնալ իր երազանքների ետևից, հիշում եմ այն ​​մղումը, որն ինձ անհրաժեշտ էր այս փոխակերպվող ճանապարհով գնալու համար»,— եզրափակում է Աննան:

Երիտասարդների զբաղվածության և ձեռներեցության III փուլի EU4Youth ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Լիտվայի արտաքին գործերի նախարարության կողմից, իրականացվում է Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության (CPVA) կողմից Արևելյան գործընկերության երկրներում: Դրանց թվում են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Ծրագիրը գործելու է մինչև 2025 թվականի կեսերը և նպատակ ունի տեխնիկական աջակցություն տրամադրել պետական ​​և ոչ կառավարական կազմակերպություններին երիտասարդների գործազրկության դեմ պայքարի և աշխատունակությունը բարելավելու համար:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,