ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը նպաստում է կանանց տնտեսական զորեղացմանը՝ մարտահրավեր նետելով գենդերային նորմերին Արեւելյան գործընկերության երկրներում
Կանանց տնտեսական զորեղացումն էական նշանակություն ունի կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության խթանման համար: Այս ջանքերում առանցքային տեղ է գրավում զբաղվածությունը, որը ոչ միայն նպաստում է ֆինանսական անկախությանը, այլեւ խթանում է անձնական աճն ու նվաճումները:
«Մայրության տույժը» եւ դրա ազդեցությունը կանանց կարիերայի վրա
Չնայած նկատելի առաջընթացին, Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում աշխատաշուկայում մասնակցության ուղղությամբ զգալի գենդերային բաց է պահպանվում։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ կանանց զբաղվածության մակարդակը կազմում է 51,5 տոկոս՝ տղամարդկանց 66,4 տոկոսի դիմաց։ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տվյալներով՝ հիմնական գործոնները, որոնք խոչընդոտում են կանանց մասնակցությունը աշխատաշուկայում, ներառում են խտրական գենդերային դերերը, չվճարվող տնային եւ խնամքի աշխատանքի բեռը, զարգացող երկրներում ապահով եւ մատչելի տրանսպորտի բացակայությունը եւ մատչելի խնամքի ծառայությունների բացակայությունը:

Արդյունքում՝ մինչեւ վեց տարեկան առնվազն մեկ երեխա ունեցող կանայք հաճախ ենթարկվում են «մայրության տույժի»: Սա նշանակում է, որ ծննդաբերությունը եւ երեխայի խնամքը անհամաչափորեն են ազդում կանանց կարիերայի վրա, ինչի արդյունքում նրանք առավել հավանականությամբ, քան տղամարդկանց դեպքում, դուրս են մղվում աշխատաշուկայից կամ նվազեցնում են իրենց աշխատաժամանակը՝ խնամակալության պարտականությունները կատարելու համար: Սա հանգեցնում է նվազ եկամուտների եւ կարիերայի սահմանափակ հնարավորությունների՝ տղամարդկանց համեմատությամբ: Ըստ ԱՄԿ-ի՝ «մայրության տույժը» խորացնում է աշխատաշուկայում մասնակցության գլոբալ բացը. կանանց պարագայում այդ ցուցանիշն իջնում է մինչեւ 53,1%, մինչդեռ տղամարդկանց դեպքում այն բարձր է՝ 95,7%։
Չնայած աշխատաշուկայում կանանց դերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության նշաններին՝ կանանց համար աշխատաշուկայի հասանելիության եւ աճի վերաբերյալ գենդերային նորմերի եւ կարծրատիպերի վրա հիմնված խոչընդոտները պահպանվում են։ Արեւելյան գործընկերության երկրներում գենդերային նորմերի եւ կարծրատիպերի վերաբերյալ ելակետային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեեւ եւ՛ կանայք, եւ՛ տղամարդիկ կարեւորում են աշխատաշուկայում մասնակցությունը եւ արժանապատիվ աշխատանքի հասանելիությունը, տարածաշրջանում տարածված լավ մայրիկի կարծրատիպերը կանանց ստիպում են իրենց երեխաների նախադպրոցական տարիներին մնալ տանը՝ սահմանափակելով նրանց մասնակցությունը աշխատաշուկայում: Աջակցող համակարգերն ու քաղաքականությունները, որոնք օգնում են կոտրել խնամակալության դերերի շուրջ գենդերային կարծրատիպերը եւ աջակցում են աշխատաշուկայում կանանց մասնակցությանը ու տնային գործերին հայրիկների մասնակցությունը, սահմանափակ են: Հայրական արձակուրդը, երեխայի խնամքի ճկուն արձակուրդը եւ արձակուրդի համատեղ օգտագործման մեխանիզմները տարածաշրջանում շարունակում են մնալ անհասանելի կամ անբավարար:
Կանանց զորեղացում՝ հանուն տնտեսական անկախության
Կանանց տնտեսական անկախությունը խթանելու նպատակով գենդերային խտրական նորմերի եւ կարծրատիպերի վերացումը «ԵՄ-ն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծատիպերի եւ բռնության» ծրագրի (EU 4 Gender Equality) խնդիրներից մեկն է։ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականին եւ համատեղ իրականացվում է «ՄԱԿ-Կանայք» կառույցի եւ ՄԱԲՀ-ի կողմից Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում։ Այն իր գենդերային հավասարությանը եւ կանանց զորեղացմանը նպաստող ուղերձներով արդեն իսկ հասու է դարձել ավելի քան 41 միլիոն մարդու:
Ծրագիրը մարտահրավեր է նետում կարծրատիպերին եւ ամրապնդում է կանանց տնտեսական զորեղացումը՝ ընդլայնելով նրանց կարիերայի հնարավորությունները, այդ թվում՝ STEM ոլորտներում: Ուկրաինայում ավելի քան 500 կին մասնակցել է «Будь/Be» դասընթացին, որը ստեղծվել է աջակցելու ուկրաինացի կանանց՝ աշխատանքի տեղավորվելու ՏՏ եւ ստեղծարար ոլորտներում: Ծրագրի մասնակից Նինա Չերլենյուկը կիսվել է. «Ես երբեք չէի սպասում, որ պատերազմի պատճառով չեմ կարողանա վերադառնալ իմ աշխատավայր: Այս դասընթացը հենց այն էր, ինչ ինձ պետք էր այս իրավիճակում»: Ծրագիրը տրամադրել է մենթորներ եւ փորձագետներ, ովքեր Նինայի նման կանանց աջակցել են տեխնոլոգիաների, դիզայնի, ծրագրավորման, ծրագրային ապահովման մշակման եւ թեստավորման ոլորտներում աշխատանք փնտրելիս:
Ադրբեջանում 25 կին զգալի բիզնեսի աճ է գրանցել՝ մասնակցելով բիզնեսի կառավարման եւ ֆինանսական գրագիտության դասընթացներին «EU 4 Gender Equality» ծրագրի միջոցով:

«Կարծում եմ, որ կնոջ դերը չի սահմանափակվում միայն տնային գործերով, ուսուցչուհի կամ բուժքույր լինելով: Կանայք կարող են հաջողակ լինել ամեն ինչում. նրանք պարզապես պետք է գտնեն, թե ինչն է ճիշտ իրենց համար: Կանայք կարող են հավասարապես նպաստ բերել իրենց ընտանիքի եկամուտներին եւ համայնքներին: Հին կարծրատիպերը պետք է վերանան», — նշել է Ռոզա Սալմանովան՝ Ադրբեջանից՝ անդրադառնալով դասընթացին մասնակցության իր փորձին։
Տղամարդկանց ներգրավվածությունը որպես դրական փոփոխությունների ճեպազդիչ
Տղամարդկանց ակտիվ մասնակցությունը չվճարվող տնային եւ խնամքի աշխատանքներում կանանց համար ստեղծում է վճարովի աշխատանք փնտրելու եւ դրանում ներգրավվելու վերաբերյալ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորություններ։ Իր ջանքերի շրջանակներում «EU 4 Gender Equality» ծրագիրը գործարկել է Հայրիկների դպրոցներ, որոնց նպատակն է տղամարդկանց ներգրավել ծնողավարման գործընթացում եւ խթանել ընտանիքում պարտականությունները կիսելը։
Հետագա գնահատումը ցույց է տալիս, որ ծրագրի առաջին փուլը դրական է ազդել գենդերային հավասարության նկատմամբ Հայրիկների դպրոց հաճախած տղամարդկանց վերաբերմունքի վրա: Հավանականությունը մեծ է, որ նրանք կպաշտպանեն հավասար իրավունքներն ու հնարավորությունները թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար: Հավանականությունը մեծ է նաեւ, որ նրանք կկիսեն այն կարծիքը, թե կանայք եւ տղամարդիկ հավասար պատասխանատվություն են կրում ընտանիքն ապահովելու եւ տնային տնտեսությունը կառավարելու համար:
«Հայրիկների դպրոցն օգնեց ինձ հասկանալ, որ հայրությունն ավելի շատ երեխաների հետ որակյալ ժամանակ անցկացնելն է, քան միայն ընտանիքին ֆինանսապես ապահովելը», — ասում է Էլվին Հասիլովը՝ Ադրբեջանից: Հայրիկների դպրոցի գործունեությանը մասնակցելուց հետո նա լի էր վճռականությամբ աջակցելու իր կնոջ կարիերայի զարգացմանը: Նա իր վրա վերցրեց տնային գործերի եւ երեխաների խնամքի զգալի մասը՝ թույլ տալով իր տիկնոջը նախապատրաստվել միջնակարգ դպրոցի ուսուցիչների հավաքագրման քննություններին: «Ավելորդ է ասել, որ նա 60 միավորից վաստակեց 54-ը եւ գտավ իր ուզած աշխատանքը», — հավելում է Էլվինը:
«EU 4 Gender Equality» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում հիմնական ուշադրությունը կշարունակի ուղղվել վնասակար կարծրատիպերի փոփոխման, գենդերային հավասարության խթանման եւ կանանց տնտեսական զորեղացմանը: Շարունակական ջատագովության, կրթության եւ համայնքի ներգրավվածության միջոցով ծրագիրը նպատակ ունի նպաստել ավելի ներառական հասարակության ձեւավորմանը, որտեղ եւ՛ կանայք, եւ՛ տղամարդիկ կարող են իրացնել իրենց ներուժը կյանքի բոլոր ասպեկտներում:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]