Skip to main content
Էներգաարդյունավետ եւ անվտանգմիջավայր. Երեւանի հանրային շենքերը արդիականացվում են
[featured_image_copyright]
2 Հունիսի, 2025

Էներգաարդյունավետ եւ անվտանգմիջավայր. Երեւանի հանրային շենքերը արդիականացվում են


Երեւանի թիվ 135 մսուր մանկապարտեզի երեխաների այժմ վայելում են վառ, ջերմ եւ անվտանգ միջավայր, որը նպաստում է հարմարավետությանը եւ բարեկեցությանը: 2024 թվականի դեկտեմբերի 9-ից մանկապարտեզը գործում է նոր վերանորոգված շենքում, որն էներգաարդյունավետ է եւ լիովին հարմարեցված երեխաների կարիքները բավարարելուն:

Այս արդիականացումները Երեւանի էներգաարդյունավետության ծրագրի մաս են կազմում, որի նպատակն է բարձրացնել սեյսմիկ դիմադրողականությունը, բարելավել էներգաարդյունավետությունը, նվազեցնել ածխաթթու գազերի արտանետումները եւ ստեղծել ավելի կայուն, հարմարավետ ու անվտանգ միջավայր: Նախագիծն իրականացվում է երկու փուլով՝ Եվրոպական ներդրումային բանկի (EIB), Արեւելյան Եվրոպայի էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի, Եվրամիության հարեւանության ներդրումային հարթակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) եւ Երեւանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ:

«2021 թվականի նոյեմբերի 15-ին փակվեց մեր մանկապարտեզի հին շենքը, եւ գրեթե 3 տարի անց ունեցանք վերակառուցված շենք: Նախկին շենքի պայմաններն անհամեմատելի էին վերակառուցված մանկապարտեզի հետ: Նախկինում մանկապարտեզը 2 մասնաշենքում էր գործում, որտեղ չորս խումբ էր հաճախում: Այսօր արդեն մանկապարտեզ է հաճախում 6 խումբ՝ 180 երեխա»,- Մեդիամաքսի հետ զրույցում նշում է մանկապարտեզի տնօրեն Հռիփսիմե Երիցյանը:

Երեւանի թիվ 135 մանկապարտեզի վերակառուցումը ծրագրի առաջին փուլի մաս է կազմում, որը մեկնարկել է 2017 թվականին եւ կավարտվի 2025-ին:

Վերակառուցված մանկապարտեզն առանձնանում է արտաքին եւ ներքին դիզայնով, ինչպես նաեւ՝ էներգաարդյունավետ առանձնահատկություններով: Շենքի արտաքին պատերը ջերմամեկուսացված են, այն հագեցած է արեւային ֆոտովոլտային վահանակներով եւ արեւային ջրատաքացուցիչներով:

«Էներգաարդյունավետ համակարգերը օգնում են շենքում ունենալ ավելի տաք միջավայր՝ միաժամանակ կրճատելով էլեկտրաէներգիայի ծախսերը: Խմբասենյակները եւ դահլիճները պատված են «վինիլային» հատակով, ինչն ապահովում է երեխաների անվտանգ եւ պաշտպանված միջավայրը: Բակի խաղահրապարակը եւս ռետինե մակերես ունի, որ խաղալու ընթացքում երեխաների հնարավոր վնասվածքներ կանխելու համար»,- ասում է մանկապարտեզի տնօրենը:

Հռիփսիմե Երիցյանը պատմում է, որ մինչ վերակառուցումը մանկապարտեզի կազմակերպչական աշխատանքներում որոշ բարդություններ էին ունենում. «Օրինակ՝ երաժշտության դահլիճ գնալու համար երեխաները ստիպված էին մի մասնաշենքից հասնել մյուսը: Այսօր ունենք ոչ միայն գեղեցիկ, այլ շատ հարմար շենքային պայմաններով մանկապարտեզ, որը մեկ հարկի տակ ունի ե՛ւ երաժշտության դահլիճ, ե՛ւ ֆիզկուլտուրայի դահլիճ: Նախկինում խոհանոցն էլ առանձին հատվածում՝ բակում, ինչը եւս լրացուցիչ դժվարություններ էր առաջացնում: Նոր շենքում այն առաջին հարկում է եւ ավելի հարմար պայմաններով»:

Երեւանի հանրային շենքերի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլի ընդհանուր բյուջեն 15 մլն եվրո է: Այն ներառում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆՔ) 7 միլիոն եվրո վարկը, Արեւելյան Եվրոպայի էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի 5 միլիոն եվրո դրամաշնորհը, Երեւանի քաղաքապետարանի 2 միլիոն եվրո համաֆինանսավորումը եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի 1 միլիոն եվրո աջակցությունը։

Այս փուլով ընդգրկված 15 մանկապարտեզից 10-ը վերանորոգվել են, 2-ը՝  նոր են կառուցվել, 2 մանկապարտեզի շինարարություն ավարտվել է եւ շուտով կընդունի երեխաներին, իսկ մեկը դեռեւս մշակման փուլում է։

Նախագիծը նաեւ ֆինանսավորել է 47 հանրային շենքի, այդ թվում՝ 36 մանկապարտեզի, 9 առողջապահական հաստատության, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի եւ Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շինարարությունը։

«Մեծ հաճույքով եմ մասնակցել մի քանի մանկապարտեզի բացման արարողությանը՝ գրեթե 2 տարի առաջ Հայաստան ժամանելուց ի վեր: Անձամբ եմ տեսել, թե ինչպես են երեխաները օգտվում այս վերանորոգված հաստատություններից։ 14 մանկապարտեզ արդեն վերակառուցվել է: Շարունակվում են աշխատանքները վերջինի վրա։ Վերանորոգումներ են ընթանում նաեւ այլ հանրային շենքերում, ընդհանուր առմամբ կբարելավվի 100 հանրային շենք, այդ թվում՝ 32 լրացուցիչ մանկապարտեզ եւ 6 պոլիկլինիկա»,- նշում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Դեսպան Մարագոսն ընդգծում է ԵՄ աջակցության դերը մանկապարտեզներն ավելի էներգաարդյունավետ, հարմարավետ եւ առողջ դարձնելու գործում. «Շինարարական ոլորտը ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների հիմնական պատճառներից մեկն է, եւ թե՛ ԵՄ-ն, թե՛ Հայաստանի կառավարությունը կենտրոնացած են շենքերում ՋԳ արտանետումների եւ էներգիայի սպառման կրճատման վրա: Շենքերի էներգաարդյունավետության բարելավումը կհանգեցնի էներգիայի ծախսերի կրճատման եւ ջերմոցային գազերի արտանետումների նվազման: Շենքերի էներգաարդյունավետության բարձրացումը կարեւոր կլինի Հայաստանի էներգետիկ անկախության եւ դիմադրողականության բարձրացման համար»:

«Եվրոպական հաստատությունների հետ գործընկերությունն առանցքային նշանակություն ունի մեր տեսլականի իրականացման համար՝ կառուցելու ավելի դիմակայուն, ներառական եւ ապագային միտված Երեւան։ ԵՄ-ն ու եվրոպական ֆինանսական կառույցները մեր գործընկերներն են ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման, այլեւ ընդհանուր արժեքների, համերաշխության եւ հանրային բարիքի հանդեպ պատասխանատվության խթանման գործում»,- ասում է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Երեւանի քաղաքապետարանը հանձնառու է հանրային շենքերի, այդ թվում՝ մանկապարտեզների, մշակութային կենտրոնների եւ առողջապահական հաստատությունների վերանորոգման եւ արդիականացմանը՝ էներգաարդյունավետությունը բարելավելու եւ սեյսմիկ անվտանգությունը բարձրացնելու համար։

«Մեր նպատակն է ապահովել, որ կենսականորեն կարեւոր այս օբյեկտները, որոնք ամեն օր սպասարկում են հազարավոր քաղաքացիների, որտեղ մեր ամենափոքրիկ քաղաքացիներն անցկացնում են իրենց օրվա մեծ մասը, լինեն առողջ, անվտանգ, ժամանակակից եւ բնապահպանական առումով կայուն։ Վստահ ենք, որ հանրային ենթակառուցվածքների արդիականացման մեջ յուրաքանչյուր ներդրում մայրաքաղաքի երկարաժամկետ կայուն զարգացման եւ սոցիալական բարեկեցության երաշխիք է»։

Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մաչեյ Չուրան նշում է, որ «Երեւանի էներգաարդյունավետության նախաձեռնության» շրջանակներում իրականացվող նախագծերը Հայաստանը տանում են դեպի ավելի կանաչ եւ կայուն ապագա։

«Երեւանի էներգիայի սպառումը եւ ածխածնի արտանետումները զգալիորեն կրճատելով՝ այս նախաձեռնությունը ոչ միայն լուծում է շրջակա միջավայրի հետ կապված կարեւորագույն մարտահրավերները, այլեւ բարելավում է երեխաների, մանկավարժների, հիվանդների եւ առողջապահության մասնագետների կյանքի որակը։ Տնտեսական եւ շրջակա միջավայրի վրա իր օգտակար ազդեցությամբ  «Երեւանի էներգաարդյունավետության նախաձեռնությունը» մարմնավորում է «Եվրոպայի թիմի» հանձնառությունը՝ խթանելու նշանակալի, դրական փոփոխությունները Հայաստանում։ Այս նախաձեռնությունը ընդգծում է ԵՄ-ի եւ նրա բանկի նվիրվածությունը կայուն զարգացմանը, նորարարությանը եւ Հայաստանի համայնքների բարեկեցությանը», — ասաց Մաչեյ Չուրան։

Ծրագրի 2-րդ փուլի (2024-2028) ընդհանուր բյուջեն կազմում է 38 միլիոն եվրո, որից 25 միլիոն եվրոն տրամադրվում է ԵՆՔ-ն՝ որպես վարկ, 11 միլիոն եվրոն՝ որպես դրամաշնորհ՝ ԵՄ հարեւանության ներդրումային հարթակից, իսկ 2 միլիոն եվրոն՝ համաֆինանսավորում Երեւանի քաղաքապետարանից։ Այս փուլը կընդլայնի վերանորոգման աշխատանքների շրջանակը եւ կշարունակի առաջնահերթություն տալ հանրային ծառայությունների բարելավմանը եւ կանաչ քաղաքային միջավայրի զարգացմանը։

Առաջիկա տարիներին կիրականացվի 32 մանկապարտեզի կառուցում՝ էներգաարդյունավետ եւ սեյսմակայուն լուծումներով։ Արդյունքում, այս մանկապարտեզները կընդունեն մոտ 6200 երեխայի։ Բացի այդ՝ այս փուլի մաս է նաեւ 6 առողջապահական կենտրոնների վերանորոգումը՝ ժամանակակից էներգաարդյունավետ եւ սեյսմակայուն լուծումներով, որոնք տարեկան օգուտ կբերեն մոտ 370 000 բուժառուի։

Աշխատանքներն իրականացվում են Երեւանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Աջափնյակում, Ավանում, Քանաքեռ-Զեյթունում, Շենգավիթում, Նոր Նորքում, Արաբկիրում եւ Մալաթիա-Սեբաստիայում։ Վերանորոգման ենթակա շենքերի ընտրությունը հիմնված է այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են՝ տեխնիկական վիճակը, բնակչության խտությունը եւ համայնքի առաջնահերթությունները։

Հեղինակ՝ Արփի Ջիլավյան

Հոդվածը տպագրվել է հայերեն և անգլերեն ՝ Mediamax.am կայքում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,