FocusArt. արվեստն ու ակտիվիզմը Հայաստանում
FocusArt-ի («Ֆոկուս» արվեստի ՀԿ) համահիմնադիր Նորա Գալֆայանը սովորում էր Երեւանի գեղարվեստի ակադեմիայում, երբ հասկացավ, որ իր կրթությանն ինչ-որ էական բան է պակասում: Նա ցանկանում էր, որ իր արվեստը դուրս գար գեղագիտության սահմաններից, մարտահրավեր նետեր հասարակական նորմերին եւ ոգեշնչեր փոփոխություններ:
Նորան հավատացած է, որ արվեստը լոկ ինքնարտահայտման միջոց չէ, այլեւ ակտիվիզմի, այն է՝ հարցեր տալու, քննադատելու եւ հասարակության զարգացմանը նպաստելու գործիք է: Նա հասկացավ, որ իր ֆորմալ կրթությունը չէր ապահովում այն գործիքները, որոնք անհրաժեշտ էին այս տեսլականին հետամուտ լինելու համար:
Որոշելով հաղթահարել այս բացը՝ Նորան եւ իր երկու մտերիմ ընկերները որոշեցին ստեղծել «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ն, որը կոչված է միմյանց կապել արվեստն ու ակտիվիզմը։
«Մենք օգտագործում էինք գեղարվեստական գործիքներ՝ վերլուծելու, թե ինչն է սխալ մեր քաղաքում եւ մեր երկրում։ Մենք ներգրավվում էինք քաղաքացիական շարժումներում եւ որպես արվեստագետներ փաստագրում ու վերլուծում էինք դրանք», — ասում է Նորան:

Նա բացատրում է, որ FocusArt-ը սերում է ավելի վաղ նախաձեռնությունից՝ Utopiana-ից, որը կենտրոնացած էր միջազգային կապերի ամրապնդման վրա: Ի տարբերություն իր նախորդի՝ FocusArt-ն առաջնահերթություն է տալիս տեղական խնդիրներին, ակտիվիզմին եւ կրթությանը տեսողական արվեստում:
Նրանց առաջին խոշոր նախաձեռնությունը ACTV անկախ հեռուստաալիքի գործարկումն էր: Ծնունդ առնելով այն գիտակցումից, որ հայաստանյան հիմնական լրատվամիջոցները հաճախ անտեսում են քննադատական պատմությունները՝ ACTV-ն ակտիվիստների համար դարձավ իրենց ձայնը բարձրաձայնելու եւ սոցիալական շարժումները փաստագրելու հարթակ:
«Այն լավ հարթակ էր այս տեսակի լրագրությամբ զբաղվել ցանկացող մարդկանց ներգրավելու համար, եւ դա նպաստեց նրանց միջեւ ցանցի ստեղծմանը», — նշում է Նորան:
Հինգ տարի շարունակ ACTV-ն տրամադրում էր այլընտրանքային պատմություններ եւ խորքային վերլուծություններ, բայց երբ տեղեկատվական տարածքում սկսեցին գերիշխել սոցիալական ցանցերը, թիմը որոշեց ավարտել նախագիծը եւ կենտրոնանալ նրա վրա, ինչն իրենց կարծիքով հատկապես կարեւոր է՝ կրթությունը:
Մեդիայից՝ կրթություն
Նորան եւ նրա թիմը հասկացան, որ կայուն հասարակական փոփոխությունը պահանջում է ավելին, քան պարզապես հաղորդումներ հեռարձակելը. այն կրթություն է պահանջում: Այս գիտակցումը հանգեցրեց FocusArt-ի առաջատար ծրագրի՝ MediaLab-ի ստեղծմանը:
«MediaLab-ը մեկամյա կրթական ծրագիր է նրանց համար, ովքեր ցանկանում են օգտագործել ժամանակակից արվեստի գործիքները հասարակության փոփոխության համար: Կան վիզուալ արվեստներ կիրառող արվեստագետներ, ինչպիսիք են լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը կամ ձայնը, բայց կան նաեւ սոցիալական եւ հումանիտար գիտություններ ուսումնասիրող ուսանողներ, որոնք ցանկանում են յուրացնել այդ գործիքները եւ մտածելակերպը», — բացատրում է Նորան:
Նա պատմում է, որ այս ծրագրում մեծ դեր է խաղում քննադատական մտածողությունը, քանի որ այն ուսանողներին թույլ է տալիս մշակել սոցիալական եւ քաղաքական մարտահրավերներին ուղղված գեղարվեստական նախագծեր։

Չնայած իր սահմանափակ բյուջեին՝ MediaLab-ը բարգավաճում է՝ տարեկան ներգրավելով ավելի քան 150 դիմորդների ընդամենը 15 տեղերի համար:
«Ամենահետաքրքիրն այն է, որ այդ մարդկանց մեծ մասը շարունակում է մնալ համայնքում եւ ներգրավվում է այլ կազմակերպություններում», — ասում է Նորան:
MediaLab-ը դարձել է ոչ միայն կրթության կենտրոն, այլեւ ցանց, որը շարունակում է աճել եւ զարգանալ:
Սոցիալական շարժումների փաստագրում
FocusArt-ի մեկ այլ բեկումնային նախաձեռնություն է սոցիալական շարժումների արխիվի ստեղծումը։ Նորան արխիվի ստեղծման գաղափարով ոգեշնչվեց այն ժամանակ, երբ գիտակցեց, որ Հայաստանի ժամանակակից պատմությունը կորստյան վտանգի տակ է:
«Մենք հայաստանյան սոցիալական շարժումների համար շատ կարեւոր ժամանակաշրջանի եւ այդ շարժումների կազմակերպման մաս ենք կազմում: Մենք ունենք բազմաթիվ արխիվային նյութեր, բայց դրա մի մասը վնասվել էր կամ նետվել մի կողմ, կամ էլ պարզապես մոռացության էր մատնվել: Մենք հասկացանք, որ պետք է պահպանել այն եւ հասանելի դարձնել հետազոտողների եւ այլ քաղաքացիական ակտիվիստների համար», — ընդգծում է Նորան:
Արխիվային նախագիծը նպատակ ունի փաստագրել եւ պաշտպանել Հայաստանի սոցիալական շարժումների ժառանգությունը՝ դրանք պահպանելով ապագա սերունդների համար։ FocusArt-ը վերջերս համագործակցություն է հաստատել Հայաստանի ազգային արխիվի հետ՝ ապահովելով նախագծի կայունությունը։
«Մենք չէինք ուզում վերածվել ֆիզիկական արխիվի, քանի որ այդ նյութերը մեզ չէին պատկանում։ Մենք ուզում էինք, որ տեղական կառույցները ներգրավվեն եւ համագործակցեն այս նախագծում», — բացատրում է Նորան:

Թեեւ արխիվացման հնացած համակարգերը եւ ռեսուրսների սահմանափակությունը խնդիրներ են ստեղծում, թիմի՝ թվային արխիվ ստեղծելու նորարարական մոտեցումը նշանակալի առաջընթաց է ապրել:
«Այս նախագծի համար մենք փորձում էինք ֆինանսավորում գտնել առնվազն հինգ տարի, բայց մեր բոլոր դիմումները մերժվում էին: Այժմ այս նախագիծը վերջապես կյանքի է կոչվում՝ Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի (EED) ֆինանսավորման շնորհիվ։ Այս նախագիծը ոչ միայն պատմությունը պահպանելու, այլ դրանից դասեր քաղելու գործիքներ տրամադրելու մասին է», — նշում է նա։
Խոչընդոտներին դեմ հանդիման
Չնայած իր հաջողություններին՝ FocusArt-ը նաեւ զգալի մարտահրավերների է բախվում: Մշտական տարածքի բացակայությունը թիմին ստիպում է հաճախակի տեղափոխվել՝ խափանելով բնականոն գործունեությունը եւ պահանջելով մշտական հարմարում:
Հրատապ խնդիր է շարունակում լինել սերնդափոխությունը: «Մենք հիմնադրեցինք այս կազմակերպությունը եւ զարգացրեցինք այն մինչեւ այս կետը, բայց հիմա շարունակելու համար մեզ պետք են նոր մարդիկ: Դժվար է ներգրավել մարդկանց եւ կրթել, որպեսզի նրանք կարողանան ապահովել ծրագրի շարունակականությունը առանց ֆինանսական ռեսուրսների»:
Թեեւ MediaLab-ն ունի խոստումնալից շրջանավարտների ցանց, կազմակերպության ներսում ղեկավարության անցումները շարունակական ջանքեր են պահանջում:
Ադրբեջանի հետ պատերազմը եւ դոնորների առաջնահերթությունների հետագա փոփոխությունները դժվարացրել են մշակութային եւ կրթական նախաձեռնությունների համար ռեսուրսների ապահովումը: Երբ 2024-ին FocusArt-ը բախվեց ֆինանսավորման խնդրի, որը սպառնում էր MediaLab-ի ապագային, գործին խառնվեց EED-ն, ինչը թույլ տվեց շարունակել ծրագիրը:
Այն, ինչ անձնական է, նաեւ քաղաքական է
Նորայի համար FocusArt-ն ավելին է, քան կազմակերպություն. այն ապրելակերպ է: Նա բացատրում է, որ իր դրդապատճառները խորապես անձնական են, որոնք արմատավորված են կրթության բացերը լրացնելու եւ ներգրավված, համախոհ անհատների համայնք ստեղծելու ցանկությամբ, եւ դա դարձել է FocusArt-ի ներքին մշակույթի որոշիչ հատկանիշը:

«Քաղաքացիական կրթություն չունեցող մարդիկ հազվադեպ են հասկանում մեր աշխատանքի կարեւորությունը։ Մենք դա անում ենք, որովհետեւ գիտենք, որ դա կարեւոր է», — անկեղծանում է Նորան:
Այսօրվա Հայաստանում FocusArt-ի ազդեցությունը քաղաքացիական հասարակության վրա անհերքելի է։ Արվեստը, ակտիվիզմը եւ կրթությունը համատեղելով՝ Նորան եւ նրա թիմը հնարավորություն են տալիս անհատներին օգտագործել իրենց արվեստը՝ ստեղծելու հասարակական փոփոխություններ:
Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ
FocusArt-ի «MediaLab» նախագիծն աջակցություն է ստացել Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամից (EED), որը Եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների կողմից 2013 թվականին հիմնադրված անկախ, դրամաշնորհ տրամադրող կազմակերպություն է, որը որպես ինքնավար միջազգային վստահության հիմնադրամ կոչված է խթանելու ժողովրդավարությունը Եվրոպական հարեւանությունում, Արեւմտյան Բալկաններում, Թուրքիայում եւ այլուր:
EED-ն աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ժողովրդավարամետշարժումներին, քաղաքացիական եւ քաղաքական ակտիվիստներին, ինչպես նաեւ անկախ լրատվական հարթակներին եւ լրագրողներին, որոնք աշխատում են հանուն բազմակարծիք եւ ժողովրդավարական քաղաքական համակարգի:
EED-ն ստեղծվել է ԵՄ-ի կողմից որպես անկախ, փոխլրացնող մեխանիզմ՝ արագ եւ ճկուն տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու Եվրոպական հարեւանությունում ժողովրդավարացմանն ու մարդու իրավունքների խթանմանը:
Բնօրինակ պատմությունը հրապարակել է European Endowment for Democracy (EED)
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]