Skip to main content
Հայաստան. Աջակցություն Իջևանի թվային ստեղծագործողներին
[featured_image_copyright]
31 Հուլիսի, 2024

Հայաստան. Աջակցություն Իջևանի թվային ստեղծագործողներին


Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող EU4Culture ծրագրի շրջանակներում իրականացված EUDigitLAB նախագիծը նորարարական նախաձեռնություն է, որն ավարտվեց հուլիսին Իջևանում: Այն իրականացվեց հայկական «Տավուշ ինովացիոն կենտրոն» ՀԿ-ի, ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԻննոԻջևան» ծրագրի և Վրաստանի անիմացիոն ասոցիացիայի (ՍԱՔԱՆԻՄԱ) կողմից: Իրականացման ընթացքում EUDigitLAB-ը ուսուցման և ցանցային զարգացման հնարավորություններ ստեղծեց տեղացի այն  երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են գրաֆիկական դիզայնի և անիմացիայի ոլորտում հմտություններով:

Ծրագրի իրականացնողները «ԻննոԻջևան» մշակութային հանգույցում ստեղծել են համակարգչային լաբորատորիա: Վերջինս երիտասարդական կրթական ծրագրերի կենտրոն է:

«EUDigitLAB-ն այժմ ունի 15 շրջանավարտ, ովքեր ձեռք են բերել գրաֆիկական դիզայնի և անիմացիայի տեխնիկական հմտություններ և գիտելիքներ»,- ասում է ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը իրականացրած «Տավուշ ինովացիոն կենտրոնի» հիմնադիր Լիլիթ Ղալումյանը: «Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր երիտասարդները մնան Իջևանում և աշխատեն այստեղից՝ նրանց հնարավորություն տալով տիրապետել մի մասնագիտության, որը թույլ է տալիս աշխատել ցանկացած վայրից՝ առանց քաղաքից հեռանալու անհրաժեշտության»,— ասում է նա:

Սկիզբը

Իջևանը EU4Culture ծրագրի հաղթող քաղաքներից է: Այն ԵՄ-ից ստացել է աջակցության փաթեթ՝ խորհրդակցությունների միջոցով տեղի շահագրգիռ կողմերի հետ քաղաքի մշակութային զարգացման ռազմավարությունը ստեղծելու և իրականացնելու նպատակով: «Բնության և մշակութային ժառանգության պահպանության հետ մեկտեղ մեր ռազմավարությունը ներառում է Իջևանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը՝ որպես առաջնահերթություն»,— ասում է Լիլիթը:

«Մենք որոշեցինք համատեղել նախագծում այդ ռազմավարական առաջնահերթությունները՝ կենտրոնանալով շրջակա միջավայրի պահպանման և ժամանակակից տեխնոլոգիաների կապի վրա: Այստեղից էլ ծնվեց EUDigitLAB-ի գաղափարը»,— ընդգծում է նա:

Ծրագրի իրականացնողները գրաֆիկական դիզայնի և շարժական գրաֆիկայի 8-ամսյա կրթական ծրագիր են մշակել, որն իրականացվել է սարքավորումներով հագեցած համակարգչային լաբորատորիայում: Դասընթացը վարելու համար Երևանից հրավիրվել են գրաֆիկական դիզայնի և անիմացիայի մասնագետներ։

Այդ ութ ամիսների ընթացքում ուսանողների կողմից մշակված բոլոր տեսողական և տեսալսողական նախագծերը վերաբերել են շրջակա միջավայրին, արդի էկոլոգիական մարտահրավերներին և դրանց լուծումներին:

«Տավուշ ինովացիոն կենտրոնի» և ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԻննոԻջևան» ծրագրի սիներգետիկ գործընկերության արդյունքում EUDigitLAB-ի էլեկտրոնային սարքավորումները տեղադրվել են նորաստեղծ լաբորատորիայում: Այս համակարգչային լաբորատորիան ստեղծվել է, որպեսզի տեղացի ստեղծագործողներն ապագայում ևս կարողանան օգտագործել և կատարելագործել իրենց մասնագիտական ​​հմտությունները, ինչն ապահովում է ծրագրի կայունությունը դրա ավարտից հետո:

Կապեր

EUDigitLAB-ն ունի միջազգային բաղադրիչ, որը թույլ է տալիս Հայաստանի և Վրաստանի երիտասարդ անիմատորներին կապ հաստատել միմյանց հետ: «Մենք առաջին անգամ ենք Իջևան բերում վրացի երիտասարդ անիմատորների Թբիլիսիից, Նիկոզիից և Զուգդիդիից», — ասում է անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, պրոդյուսեր և «ՍԱՔԱՆԻՄԱ» ՀԿ հիմնադիր Մարիամ Կանդելակին, որը նույնպես ներգրավված էր իջևանյան այս ստեղծագործ նախաձեռնության մեջ:

«Վստահ եմ, որ մեր անիմատորներն ընդհանուր լեզու կգտնեն,- նշում է նա,- միջազգային համագործակցությունը մեծ նշանակություն ունի վրացական անիմացիոն արդյունաբերության համար»:

Լիլիթն ավելացնում է, որ «նախագծերը գալիս ու գնում են, իսկ մարդկանց միջև կապը՝ մնում: «Մեզ համար պատիվ է հյուրընկալել Վրաստանի մեր հարևաններին»,— շեշտում է նա։

SAQANIMA-ի նպատակներից մեկն այն է, որ երիտասարդ տաղանդները չլքեն Վրաստանը: «Այժմ 12-րդ անգամ փառատոն ենք կազմակերպում Նիկոզի գյուղում,- ասում է Մարիամը,- որը գտնվում է այն սահմանի կողքին, որտեղ 2008-ին պատերազմ տեղի ունեցավ»:

Գյուղն ունի նաև դպրոց 120 երեխաների համար, ովքեր հնարավորություն ունեն անիմացիա և արվեստի այլ տեսակներ ուսումնասիրել։ Մարիամը նաև նշում է անիմատորներից Մարիամ Կորտուային, որը Վրաստանի Զուգդիդի քաղաքից է, ով SAQANIMA-ի աջակցությամբ մեկնել է Ֆրանսիական Անսի քաղաք, կապ հաստատել օտարերկրյա պրոդյուսերների հետ և համագործակցել նրանցից մեկի հետ` անիմացիոն ֆիլմ ստեղծելու նպատակով:

«Ամենևին պարտադիր չէ, որ անիմատորը գնա Ֆրանսիա և այնտեղ ապրի,- նշում է Մարիամը,- նրանք կարող են ապրել Զուգդիդիում և ստեղծել նոր ֆիլմ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան և ֆրանսիացի պրոդյուսերի հետ համագործակցելով։ Տարածաշրջանների և մայրաքաղաքների վրացի և հայ անիմատորներին միմյանց հետ կապելով՝ Տավուշի ինովացիոն կենտրոնը, ԻննոԻջևանը և ՍԱՔԱՆԻՄԱ-ն աշխատում են ընդհանուր նպատակի ուղղությամբ՝ նվազեցնել ուղեղների արտահոսքն իրենց քաղաքներից և երկրներից:

Զարգացում

EUDigitLAB-ի առաջին դասընթացի 15 շրջանավարտները ծրագրի փակման միջոցառման ժամանակ ցուցադրեցին իրենց ձեռք բերած հմտությունները գրաֆիկական դիզայնի և անիմացիայի ոլորտում: Նրանցից ոմանք կաշխատեն Երևանի ստեղծագործական գործակալություններում, որոնք ծառայություններ են մատուցում հաճախորդներին նաև Հայաստանից դուրս։ «Ուսանողներից ոմանք արդեն իսկ հեռավար աշխատելու առաջարկներ են ստացել»,- ասում է Լիլիթը։

Տավուշ ինովացիոն կենտրոնն այժմ բանակցություններ է վարում ԻննոԻջևան-ի և այլ գործընկերների, այդ թվում՝ SAQANIMA-ի հետ՝ պարզելու, թե ինչպես EUDigitLAB-ը կարող է շարունակել դասընթացներ առաջարկել տեղի երիտասարդներին՝ բարելավելու նրանց մրցունակությունը տեղական և միջազգային շուկաներում: Համակարգչային լաբորատորիան կգործի «ԻննոԻջևան» կենտրոնում, որպեսզի տեղացի ստեղծագործողները կարողանան օգտագործել այն մասնագիտական ​​աճի համար, սակայն կրթական ծրագիրը շարունակելու կոնկրետ ծրագրեր դեռ չկան:

«Երբ սկսեցինք իրականացնել նախագիծը,- ասում է նա,- մենք ծրագրում էինք այն փակել դասընթացի ավարտից հետո, բայց հիմա մտածում ենք նորից ուսանողներ հավաքելու մասին: Եթե ​​EUDigitLAB-ը շարունակի իր կրթական ծրագիրը, իր շրջանավարտներից մի քանիսին կառաջարկվի աշխատել որպես մենթոր Իջևանի երիտասարդ անիմատորների և գրաֆիկական դիզայներների նոր խմբի համար:

«Բարեկամությունն մնում է,- ասում է Լիլիթը,- և մենք շարունակում ենք խորհրդակցել, թե ինչ կարելի է անել միասին»: Մարիամը նշում է, որ «Տավուշ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ մի քանի նախագծեր են քննարկվում», և, նրա կարծիքով, «EUDigitLAB-ի հետ արված առաջին քայլերը հիմք կստեղծեն հաջորդները անելու համար»:

«Կարծում եմ, մեր գործընկերությունը կխորանա, քանի որ Վրաստանում ծրագրեր իրականացնելը հեշտ չէ»,- ասում է Մարիամը։ «Միավորելով ուժերը՝ մենք կկարողանանք ավելի շատ գործեր իրականացնել»:

Հայաստանում EU4Culture-ի կողմից աջակցություն ստացող մշակութային և նորարարական ծրագրերը

Մշակութային զարգացման ռազմավարությունների իրականացմանն աջակցելու նպատակով հայաստանյան մարզային քաղաքներին և տեղական ստեղծագործական, մշակութային հատվածին EU4Culture-ի կողմից երեք ծրագրերի դրամաշնորհներ են տրվել ընդհանուր առմամբ 55,000 եվրոյի չափով: Ստեղծագործական նախաձեռնությունները, որոնք իրականացվել են Չարենցավան, Իջևան և Սևան քաղաքներում, այժմ ավարտված են։ Համապատասխանեցվելով երեք քաղաքների մշակութային զարգացման ռազմավարությունների հիմնական առաջնահերթություններին՝ երեք ծրագրերը տեղացի երիտասարդներին տրամադրել են կրթական, ցանցային և աշխատանքային հնարավորություններ:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,