Skip to main content
Ձգտումներից՝ ձեռքբերումներ. Մանե Ծատուրյանի ուղին Եվրոպայի քոլեջով
[featured_image_copyright]
8 Ապրիլի, 2025

Ձգտումներից՝ ձեռքբերումներ. Մանե Ծատուրյանի ուղին Եվրոպայի քոլեջով


«Ես երազում էի մի մասնագիտության մասին, որն ինձ եզակի փորձառություն կառաջարկեր և ստեղծագործելու հնարավորություն կտար»,— իր ավագ դպրոցական տարիներն է վերհիշում Նատոլինի Եվրոպայի քոլեջի շրջանավարտ Մանե Ծատուրյանը։ Լեզուների և պատմության նկատմամբ լի հետաքրքրությամբ՝ նա 16 տարեկանում արդեն որոշել էր կարիերա անել միջազգային հարաբերությունների ոլորտում։ «Հենց այդպես էի տեսնում իմ ապագան»,— շարունակում է Մանեն։

Ծնողներն աջակցեցին Մանեի ընտրությանը, և նա վստահ բացեց Երևանի պետական ​​համալսարանի դռները։ Առաջին իսկ դասերից կլանվեց Եվրոպական միության թեմայով։ «Գաղափարը, որ այս միությունը կարող է վերջ դնել տարածաշրջանում դարավոր հակամարտություններին, հիացրեց ինձ»,— նշում  է նա՝ ընդգծելով անդամ երկրների միջև կոնսենսուսը, որն ընկած է ԵՄ ստեղծման հիմքում:

Չնայած դասավանդվող առարկաների բազմազանությանը՝  եվրոպական թեմատիկայի վրա կենտրոնանալու ցանկությունը ստվերում էր մյուսներին։

Մեծ հավակնությունների կայծը

Մանեի ուղին դեպի Եվրոպայի քոլեջ սկսվեց 2019 թվականին, երբ նա՝ որպես երիտասարդ եվրոպական դեսպան, մասնակցեց Լիտվայի Արևելյան գործընկերության 4-րդ երիտասարդական ֆորումին: Հենց այստեղ էլ առաջին անգամ լսեց քոլեջի մասին: Հետաքրքրված նման հեռանկարով՝ Մանեն նախ գնաց մագիստրոսի կոչման հետևից: Ինչևէ, եվրոպագիտության մեջ մասնագիտանալու երազանքը նրան չլքեց նույնիսկ Հայաստանի դիվանագիտական ​​դպրոցը և մայր բուհում մագիստրատուրան ավարտելուց հետո։

Հավակնության կայծը նորից արթնացավ, երբ տեսավ ընկերոջ գրառումը Եվրոպայի քոլեջ ընդունվելու մասին: Բացահայտելով EU4Youth կրթաթոշակը, որը հոգում էր ուսման վարձը և կեցության ծախսերը, Մանեն զգաց, որ ժամանակն է իրականացնելու իր վաղեմի երազանքը: «Քոլեջի համբավով և կրթաթոշակով ես վստահ էի, որ մեծ քայլ եմ անում իմ նպատակին հասնելու համար: Միշտ պատկերացրել եմ, որ կաշխատեմ միջազգային կազմակերպությունում, հատկապես՝ ԵՄ կառույցներում»,— հուզմունքով հիշում է նա:

Ուսման աշխարհը

30 տարբեր երկրների հասակակիցների հետ արտերկրում սովորելու ոգևորությունը անզուգական փորձ էր հայ երիտասարդի համար: Ուսումնական բարդ ծրագրի և նոր քննությունների հետ առերեսվելու մարտահրավերը նրան միայն ոգևորեց: Թեև հայաստանյան կրթությունը ամուր հիմք էր ստեղծել, այնուամենայնիվ քոլեջի ակադեմիական միջավայրը հստակորեն տարբերվում էր: «Եվրոպայի քոլեջում մենք պարզապես դասերի չէինք հաճախում. մենք ներկայացնում էինք մեր մշակույթները և սովորում այն ​​թեմաների մասին, որոնք հնարավոր չէ գտնել դասագրքերում», — խոստովանում է Մանեն՝ նշելով իր անձնական և մասնագիտական ​​հսկայական աճն այնտեղ գտնվելու ընթացքում:

Արդյունավետ հաղորդակցությունը, կապերի հաստատումը և տարբեր մշակույթներով ու հեռանկարներով լի միջավայրում կյանքը լցրեց նրա առօրյան: 130 համակուրսեցիներին՝ հավաքված ամբողջ աշխարհից, միավորում էր ԵՄ-ն ուսումնասիրելու ընդհանուր գաղափարն ու հայրենի երկրներում դրական փոփոխություն կատարելու կամքը: Կուրսընկերների միջև կապի հաստատմանը հատկապես նպաստեցին քննաշրջանները: «Ես սիրով հիշում եմ ուշ գիշերները լսարաններում, ընդհանուր տարածքներում կամ նույնիսկ մեր հանրակացարանում, երբ միասին պատրաստվում էինք քննություններին, գրառումներ էինք փոխանակում և ոգևորում միմյանց, երբ ամեն ինչ բարդանում էր», — հպարտությամբ ասում է Մանեն՝ ընդգծելով, որ շարունակում է կապ պահել քոլեջի ընկերների հետ։

Տարբեր մշակութային ծագում ունեցող կուրսընկերներ ունենալը փոխեց նրա ընկալումները և կոտրեց կարծրատիպերը: Սեփական երկիրը և մշակույթը ներկայացնելը դարձավ նրա կրթության անբաժանելի մասը: «Դա կարծես առաքելություն էր: Ինձ հանդիպեցին մարդիկ, որոնք երբեք չէին լսել Հայաստանի մասին, և մեր շփումների միջոցով իմացան իմ երկրի մասին: Դա մեծ պատասխանատվություն էր»,— ասում է նա։ Քոլեջն անցկացրեց ազգային խոհանոցի օրեր և մշակութային միջոցառումներ՝ թույլ տալով ուսանողներին կիսվել և հարստացնել միմյանց փորձը:

Հանդիպում կուռքերի հետ

Մանեի փորձառության մեկ այլ կարևոր կետ էր բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը քոլեջում: «Ես հաճախ էի մեջբերում Քեթրին Էշթոնին իմ բակալավրիատի աշխատանքում, և ահա՝ նստած էի նրա հետ նույն սենյակում և  հարցեր էի տալիս: Սյուրռեալիստական ​​էր»,— բացականչում է նա՝ հիշատակելով նաև քոլեջի շրջանավարտ Ռոբերտա Մեցոլային և Եվրոպական խորհրդի առաջին նախագահ Հերման Վան Ռոմպեյին: «Հետագայում ես հարցազրույց վերցրեցի Վան Ռոմպեյից իմ թեզի համար: Դա բեկումնային փորձ էր ինձ համար», — նշում է նա՝ գիտակցելով, որ այն, ինչ ժամանակին անհնարին էր թվում, իրականություն դարձավ քոլեջի շնորհիվ։

Մանեի ձեռքբերումները չսահմանափակվեցին դիվանագետների հետ հանդիպումներով։ Նա նաև դրսևորեց ուժեղ հետազոտական ​​հմտություններ: «ԵՄ բազմակողմ դիվանագիտություն. գնահատելով ԵՄ ներգրավվածությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումներում» թեմայով թեզը, որի ղեկավարը Թոմաս Մայր-Հարթինգն էր, արժանացավ ՄԱԿ-ի մրցանակի՝ «Եվրոպա, բազմակողմանիություն և ՄԱԿ» թեմայով լավագույն մագիստրոսական թեզ անվանակարգում: «Այդ մրցանակին արժանանալը մեծ պատիվ էր և շրջադարձային պահ՝ իմ կարիերայում»,- ասում է նա՝ հավելելով, որ քոլեջը դռներ բացեց Հայաստանում ԵՄ պատվիրակությունում իր ներկայիս աշխատանքի համար:

Փոփոխություն անելու կամքը

Մանեն ԵՄ պատվիրակությունում ներգրավվեց Հայաստան վերադառնալուն պես՝ աշխատանքն ապահովելով դեռևս ուսումն ավարտելուց առաջ։ Նա այժմ նվիրված է ԵՄ-Հայաստան հարաբերությունների բարելավմանը: «Աներևակայելի հաճելի է զգալ, որ ես իրական փոփոխություն եմ անում», — ընդգծում է նա՝ միաժամանակ վառ պահելով միջազգային մակարդակով եվրոպական հաստատությունում աշխատելու իր ձգտումը:

Նատոլինի Եվրոպայի քոլեջը փոխեց Մանեի կյանքը, և նա կարծում է, որ դա կարող է անել նույնը ցանկացածի համար, ով մեծ ձգտումներ ունի և ցանկանում է կրթություն ստանալ արտերկրում: «Քոլեջն առաջարկում է այս եզակի, կյանքում մեկ անգամ հնարավորությունը: Ես ձեզ քաջալերում եմ դիմել և գնալ ձեր երազանքի հետևից»,- եզրափակում է երիտասարդ շրջանավարտը:

Երիտասարդների զբաղվածության և ձեռներեցության III փուլի EU4Youth ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Լիտվայի արտաքին գործերի նախարարության կողմից, իրականացվում է Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության (CPVA) կողմից Արևելյան գործընկերության երկրներում: Դրանց թվում են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Ծրագիրը գործելու է մինչև 2025 թվականի կեսերը և նպատակ ունի տեխնիկական աջակցություն տրամադրել պետական ​​և ոչ կառավարական կազմակերպություններին երիտասարդների գործազրկության դեմ պայքարի և աշխատունակությունը բարելավելու համար:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,