Եվրամիության աջակցությամբ Իջեւան համայնքում կանցկացվի «Հունձից՝ Վարդավառ» եռօրյա փառատոնը
2023թ. հուլիսի 20-22-ը Իջեւանի համայնքապետարանը Իջեւան, Խաշթառակ, Աչաջուր եւ Բերքաբեր համայնքներում կանցկացնի «Հունձից՝ Վարդավառ» եռօրյա մշակութային փառատոնը, որին մասնակից կլինեն համայնքի բոլոր բնակիչները։
Փառատոնի ծրագիրը պատրաստվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «EU4Culture» ծրագրի շրջանակներում ստեղծված Իջեւանի մշակութային զարգացման ռազմավարության հայեցակարգի համաձայն։
Փառատոնի նպատակն է մշակութային նախաձեռնությունների շնորհիվ զարգացնել Իջեւան բազմաբնակավայր համայնքի մշակութային եւ տնտեսական գործուն կյանքն ու ապահովել համագործակցային եւ մշակութային տնտեսության զարգացումը։
Երեք օր շարունակ համայնքի բնակիչներին եւ հյուրերին սպասում է մշակութային ու ժամանցային համապարփակ ծրագիր:
Հուլիսի 20, Իջեւան/Խաշթառակ. տեղական արտադրանքի «Արհեստ եւ արվեստ» տոնավաճառ, լարախաղացի ցուցադրական ելույթ, գեղանկարչական եւ ձեռագործ իրերի ցուցահանդես, «Մեր Իջեւան» մեծադիր կտավի ստեղծում «Վերնատուն» մշակութային կենտրոնում, տավուշյան ավանդական խաղերի ցուցադրում, տոնական համերգ։
Նույն օրը Խաշթառակ համայնքում կկազմակերպվի վերելք դեպի Խաշթառակի սար, հունձի մրցույթ՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի դրվագներով, թատերական ներկայացում «Դատի քարի մոտ», բացօթյա կինոդիտում եւ դիսկոտեկ:
Հուլիսի 21, Աչաջուր․ ուղեւորություն դեպի Մակարավանք վանական համալիր, բերքուբարիքի եւ ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, երեկոյան ժամերգություն, տոնական համերգային ծրագիր, մեծ խարույկ:
Հուլիսի 22, Բերքաբեր․ բերքուբարիքի ցուցահանդես-վաճառք, լարախաղացի ցուցադրական ելույթ, գեղանկարչական եւ ձեռագործ իրերի ցուցահանդես, տոնական համերգային ծրագիր, կինոդիտում, դիսկոտեկ եւ հայկական ավանդական Վարդավառ:
Կոնտակտ հարցերի եւ լրացուցիչ տեղեկությունների համար․
Լիլիթ Ղալումյան, Իջեւանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության եւ առողջապահության բաժնի պետ
Հեռ․՝ +37494464500Էլ․ հասցե՝ ijevancds@gmail.com
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]