ԵՄ քաղաքականություն
Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ) կարգավորում է ԵՄ-ի հարաբերություններն իր 16 մերձավոր արևելյան և հարավային հարևանների հետ:
Արևելյան գործընկերություն
Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) Եվրոպական հարևանության քաղաքականության առանձին արևելյան ուղղությունն է, որը մեկնարկել է 2009 թվականին: Գործընկերության նպատակն է ամրապնդել և խորացնել Եվրոպական միության, նրա անդամ պետությունների և Արևելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի վեց գործընկեր երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) քաղաքական և տնտեսական հարաբերությունները:
Նոր օրակարգ՝ 2020-ից հետո ժամանակահատվածի համար
Տարիներ շարունակ ԱլԳ-ն կարևոր դեր է խաղացել ԵՄ-ի և նրա գործընկեր երկրների մերձեցման գործում: ԱլԳ 2017 թվականի նոյեմբերյան գագաթաժողովը նշանավորվեց բարեփոխումների ընդհանուր օրակարգի նոր մոտեցման ընդունմամբ, որը ստացավ «20 թիրախային արդյունք՝ 2020 թվականի համար» անվանումը: Այս հավակնոտ աշխատանքային ծրագիրը կենտրոնացած էր տեղերում շոշափելի արդյունքների հասնելու և քաղաքականության չորս հիմնական ուղղություններում մարդկանց կյանքի բարելավման վրա.
- Ավելի ուժեղ տնտեսություն․
- Ավելի ուժեղ կառավարում.
- Ավելի ուժեց կապ․
- Ավելի ուժեղ հասարակություն։
Իրավահաջորդ օրակարգի ուղղությամբ աշխատանքը սկսվել է 2019 թվականին՝ լայն եւ ներառական խորհրդակցությունների անցկացմամբ: Արդյունքում մշակված «Արեւելյան գործընկերությունը` 2020 թվականից հետո: Դիմակայունության ամրապնդում. Արեւելյան գործընկերություն, որն ապահովում է բոլորին» համատեղ փաստաթուղթը եւ 2020 թվականից հետո Արեւելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ Խորհրդի եզրակացությունները սահմանում են գործընկերության նոր օրակարգը՝ հետեւյալ հինգ երկարաժամկետ քաղաքականության նպատակների շուրջ.
- միասին՝ հանուն դիմակայուն, կայուն եւ ինտեգրված տնտեսությունների․
- միասին՝ հանուն հաշվետու հաստատությունների, օրենքի գերակայության եւ անվտանգության․
- միասին՝ հանուն բնապահպանական եւ կլիմայական դիմակայունության․
- միասին՝ հանուն դիմակայուն թվային փոխակերպման․
- միասին՝ հանուն դիմակայուն, արդար եւ ներառական հասարակությունների։
Այս նոր օրակարգն ավելի մանրամասն ուրվագծված է 2021 թ. հուլիսին ընդունված «Վերականգնում, դիմակայունություն եւ բարեփոխումներ. Արեւելյան գործընկերության առաջնահերթությունները 2020-ից հետո» համատեղ աշխատանքային փաստաթղթում՝ կառուցված լինելով երկու հիմնասյուների շուրջ՝ ներդրումներ եւ կառավարում։ Ներդրումների հիմնասյունը ներառում է 2.3 միլիարդ եվրոյի դրամաշնորհների, ֆինանսական խառնուրդների եւ երաշխիքների միջոցով աջակցվող Տնտեսական եւ ներդրումային ծրագիր, որն ունակ է մոբիլիզացնել մինչեւ 17 միլիարդ եվրոյի հանրային եւ մասնավոր ներդրումներ։ Ծրագիրը ներառում է յուրաքանչյուր գործընկեր երկրի համար նախատեսված առաջատար նախաձեռնությունների փաթեթ, ինչպես նաեւ կառավարման հիմնասյուն՝ ներդրումներն ամրապնդելու եւ պահպանելու, դիմակայուն եւ արդար հասարակություններ կառուցելու համար։ 2025 թ. հունվարի 1-ի դրությամբ երկկողմանի եւ տարածաշրջանային դրամաշնորհների, ֆինանսական խառնուրդների եւ երաշխիքների միջոցով մոբիլիզացվել է ընդհանուր առմամբ 14.5 միլիարդ եվրո։ Մոբիլիզացված միջոցները աջակցություն են տրամադրում տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում պետական եւ մասնավոր ներդրումներին, միկրո, փոքր եւ միջին բիզնեսների համար ֆինանսավորման հասանելիությանը, շրջակա միջավայրի դիմակայունությանը, թվային փոխակերպմանը, առողջապահությանը եւ մարդկային կապիտալին։ հենարան` ներդրումներն ամրապնդելու և պահպանելու, ինչպես նաև դիմակայուն և արդար հասարակություններ կառուցելու համար։
10 հիմնական նպատակ 2025 թվականի համար
Օրակարգի շրջանակում որպես գործունեության գերակա ուղղություն են սահմանվել 2025թ. համար 10 հիմնական նպատակները․
- Ներդրումներ մրցունակ և նորարարական տնտեսությունների ուղղությամբ։ Աջակցություն 500,000 ՓՄՁ-ների․
- Ներդրումներ օրենքի գերակայության ուղղությամբ։ Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից սեփական տնտեսական ակտիվների հայտարարագրում, ինչպես նաև այդ հայտարագրերի ստուգում․
- Ներդրումներ կայուն և խելացի կապի ուղղությամբ։ 3,000 կմ երկարությամբ առաջին անհրաժեշտության ճանապարհների ու երկաթուղիների կառուցում կամ բարեկարգում․
- Ներդրումներ մարդկանց և գիտական համայնքների ուղղությամբ։ 70,000 անհատական շարժունակության հնարավորություն ուսանողների և դասավանդողների, հետազոտողների, երիտասարդների ու երիտասարդական աշխատողների համար
- Ներդրումներ անվտանգության և կիբերդիմակայունության ուղղությամբ։ Հիբրիդային սպառնալիքների բացահայտման և դրանց վերացման կառուցակարգի ամրապնդում, գործընկերների կարողությունների ամրապնդում՝ կիբերդիմակայունության բարձրացման և կիբերհանցագործությունների դեմ պայքարի նպատակով․
- Ներդրումներ կայուն էներգիայի ուղղությամբ։ 250,000 տնային տնտեսությունների կողմից էներգասպառման նվազեցում մինչև 20%-ով․
- Ներդրումներ շրջակա միջավայրի և կլիմայի ուղղությամբ։ Եվս 3 միլիոն մարդու ապահովում անվտանգ ջրամատակարարմամբ: 300 քաղաքներում օդի որակի վերահսկում և բարելավում․
- Ներդրումներ առողջապահական դիմակայունության ուղղությամբ։ 850,000 բուժաշխատողի պատվաստում, ինչպես նաև նրանց համար թերապևտիկ, գույքային և աշխատանքային պայմանների բարելավում․
- Ներդրումներ ներառական, գենդերային առումով հավասար և տարբեր հասարակությունների ու ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ։ Աջակցություն 2,500 տեղական ՔՀԿ-ների, 120 անկախ ԶԼՄ-ների և 2,000 լրագրողների․
- Ներդրումներ թվային փոխակերպման ուղղությամբ։ Տնային տնտեսությունների 80%-ն ունի գերարագ ինտերնետի մատչելի հասանելիություն։
Համագործակցության ներկայիս առաջնահերթ ուղղությունները
2025-2027 թթ.
Վերջին մի քանի տարիներին ԵՄ Արեւելյան հարեւանության երկրներն առերեսվել են լուրջ ցնցումների եւ մարտահրավերների հետ։ Ուկրաինան հայտնվել է Ռուսաստանի ուղղակի ռազմական եւ հիբրիդային հարձակումների առաջնագծում, իսկ տարածաշրջանը շարունակում է կրել հիմնովին փոփոխված աշխարհաքաղաքական իրականության հետեւանքները։ Այս համատեքստում Արեւելյան գործընկերության քաղաքականության շրջանակի ճկունությունը նպաստել է կարեւորագույն բարեփոխումներին՝ ամրապնդելով հաստատությունների եւ հասարակությունների դիմակայունությունը, ինչպես նաեւ աջակցելով բոլոր շահագրգիռ կողմերին՝ դուրս գալով կառավարություն-կառավարություն հարաբերությունների սահմաններից։
Արեւելյան գործընկերության բոլոր երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, ինչպես նաեւ Բելառուսի քաղաքացիական հասարակություն շարունակում են օգտվել Արեւելյան գործընկերության քաղաքականության շրջանակից՝ անկախ ԵՄ-ի հետ կապված իրենց ուղիների եւ ձգտումների տարբերությունից: Արեւելյան գործընկերությունը կշարունակի աջակցել Ուկրաինային եւ Մոլդովային, ինչպես նաեւ Վրաստանին՝ պայմանով, որ երկիրը վերադառնա ԵՄ ուղի եւ իրականացնի ժողովրդավարական, համապարփակ եւ կայուն բարեփոխումներ:
Արեւելյան գործընկերության հիմնական սկզբունքները՝ պայմանականություն, ներառականություն եւ տարբերակում, ինչպես նաեւ «ավելին ավելիի դիմաց» մոտեցումն ապագայում կպահպանվեն։ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար արժեքները եւ օրենքի գերակայությունը կշարունակեն լինել Արեւելյան գործընկերության քաղաքականության անկյունաքարը։
Ի արձագանքումն ընթացիկ մարտահրավերներին՝ Արեւելյան գործընկերության քաղաքականության միջնաժամկետ օրակարգը հարմարեցվել եւ ամրապնդվել է քաղաքականության հիմնական թիրախային ոլորտներում.
- Ընդլայնման գործընթացի կոմպլեմենտարություն. Արեւելյան գործընկերության շրջանակներում արդյունավետ աջակցություն Ուկրաինային եւ Մոլդովային, ինչպես նաեւ Վրաստանին՝ պայմանով, որ երկիրը վերադառնա ԵՄ ուղի եւ իրականացնի եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին եւ իրենց ԵՄ անդամակցության ուղուն համապատասխան ժողովրդավարական, համապարփակ եւ կայուն բարեփոխումներ՝ միաժամանակ շարունակելով աջակցությունը շահագրգիռ գործընկերներին ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումների հարցում, մասնավորապես՝ օրենքի գերակայության եւ հիմնարար իրավունքների հետ կապված ոլորտներում։
- Տարածաշրջանային համագործակցության ուժեղացված օրակարգ անվտանգության, ժողովրդավարական եւ հասարակության կայունության ոլորտներում՝ նպատակ ունենալով հակազդել տարածաշրջանում աճող հիբրիդային սպառնալիքներին եւ ապատեղեկատվությանը։
- Երկարաժամկետ փոխակերպմանն ուղղված սոցիալ-տնտեսական զարգացման, կանաչ անցման եւ տարածաշրջանային ինտեգրման ու կապակցվածության խթանումը պետք է լինի ԵՄ ներդրումների առանցքում՝ «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) նախաձեռնության եւ Արեւելյան գործընկերության Տնտեսական եւ ներդրումային ծրագրի միջոցով։
- Երիտասարդության եւ քաղաքացիական հասարակության հետ փոխազդեցության ակտիվացում, ներառյալ տարբեր երկրներում եւ վտարանդիության մեջ գտնվող իրավապաշտպանների հետ համագործակցությունը։
Ընդլայնում
Արեւելաեվրոպական երեք գործընկեր երկրներ (Ուկրաինա, Մոլդովա եւ Վրաստան) ներկայումս գտնվում են ԵՄ-ին անդամակցության գործընթացում։
ԵՄ-ին անդամակցությունը արժանիքների վրա հիմնված գործընթաց է: Անդամ պետություն դառնալու համար յուրաքանչյուր երկիր պետք է բավարարի նույն պայմանները եւ կատարի նույն քայլերը։
Ուկրաինան ԵՄ անդամակցության դիմում է ներկայացրել 2022 թ. փետրվարի 28-ին, որին նույն թվականի մարտի 3-ին հաջորդել են Վրաստանը եւ Մոլդովան։ 2022 թ. հունիսին Եվրոպական խորհուրդը Մոլդովային եւ Ուկրաինային շնորհեց թեկնածու երկրի կարգավիճակ, ինչպես նաեւ ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Հաջորդող դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը որոշեց անդամակցության շուրջ լիարժեք բանակցություններ սկսել Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ եւ Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ։ Սակայն 2024 թ. հունիսին Եվրոպական խորհուրդը հայտնաբերեց, որ Վրաստանի կառավարության գործողությունների ընթացքը վտանգում է երկրի ԵՄ ուղին, ինչը հանգեցրեց անդամակցության գործընթացի դադարեցմանը։
Լրացուցիչ տեղեկատվություն
ԱլԳ. Եվրոպական միության խորհուրդ
ԱլԳ. Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունԱլԳ. Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինություն (DG ENEST)